Մեր անվտանգության երաշխիքը մեր բանակն է, պետք չէ հույսը դնել միայն խաղաղ բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու վրա․ Արման Նավասարդյան
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով` ինքը դեռ Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմական առաջին օրերից է ասել` այս փուլում հիմնախնդիրը բանակցային ճանապարհով լուծում չունի: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս փուլում բանակցությունների ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ հայտարարությանը:
«Մինչև հիմա Փաշինյանն ասում էր, որ խաղաղությունն այլընտրանք չունի: Իսկ ես ասում եմ, որ ռազմական գործը, այսինքն` պատերազմն այլընտրանք չունի: Մենք այսօրվա դրված այդ խաղաղության սկզբունքից պետք է հրաժարվենք»,- ասաց նա:
Արման Նավասարդյանը միևնույն ժամանակ նշեց, որ իր ասածը չի նշանակում, որ պետք է բանակցություններից, դիվանագիտությունից ընդհանրապես հրաժարվենք, որ չաշխատենք միջազգային կառույցների հետ: «Բոլորովին: Թող դա լինի զուգահեռ, բայց եթե մենք մեր հույսը դրեցինք միայն խաղաղ բանակցային ճանապարհով խնդիրը լուծելու վրա, մենք տանուլ կտանք: Շատ բան կկորցնենք»,- ասաց նա:
Դիվանագետն առաջարկեց իր լուծումները: «Ուզում եմ բեկումնային լինեն դրանք: Առաջարկում եմ խորքային հարվածներ հասցնել Ադրբեջանին: Մեր անվտանգության երաշխիքը մեր բանակն է, մենք ուրիշ ոչինչ չունենք այսօր: Հայկական բանակը պետք է կտրի, անցնի Մռավի լեռնանցքը և հասնի Ռուսաստանի սահման: Դա կապահովի մեզ համար հուսալի հաղորդակցության ուղի Ռուսաստանի հետ»,- ասաց նա:
Այդպես, ըստ նրա, մենք հնարավորություն կունենանք վերահսկել Միջին Արևելքից դեպի Եվրոպա էներգակիրները: «Պետք չէ վախենալ British Petroleum-ի արձագանքից: Միևնույն է, մենք հիմա էլ ենք իրենց համար ագրեսոր: Մեր դիվանագիտության խնդիրներից մեկը պետք է լինի նրանց հետ բանակցելը, բացատրելը, որ պետք է զսպեն Ադրբեջանին, այդ թվում ահաբեկիչներին, այլապես մենք ստիպված կլինենք հարվածել»,- ասաց նա:
Արման Նավասարդյանի խոսքով` այս ծրագրի իրականացման վերաբերյալ Ռուսաստանի վերաբերմունքը դրական կլինի: «Իհարկե, նա չի ցանկանա, որ հարվածենք գազամուղներին, բայց վերահսկողությանը դեմ չի լինի»,- ասաց նա` նշելով, որ իր նշածն իրականացնելու դեպքում կզրկենք Ադրբեջանին նաև Թուրքիայի հետ կապից:
Արման Նավասարդյանը ներկայացրեց նաև այս իրավիճակից դուրս գալու իր մեկ այլ առաջարկ: Նա մատնանշեց, որ Ադրբեջանն իր ջրային պաշարներ ստանում է մեր աղբյուրներից: Ըստ նրա` մենք Ադրբեջանին կարող ենք զրկել ջրերից:
«Այս դեպքում, կարծում եմ, մենք կազատագրենք Դաշտային Արցախը: Իհարկե, դրան գուցե հաջորդի Թուրքիայի լայնամասշտաբ աջակցությունն Ադրբեջանին: Նրանք առ այսօր չէին համարձակվում հարվածել Հայաստանին, որովհետև գիտեին, որ պատասխան կստանան Ռուսաստանից: Հիմա էլ նրանք վախենում են Ռուսաստանից, իհարկե, Ռուսաստանն էլ չի ցանկանա հարվածել Թուրքիային, քանի որ կա նաև ՆԱՏՕ: Բայց ես, ամեն դեպքում Ստոլտենբերգի հայտարարություններից հասկանում եմ, որ եթե ինչ-որ բան լինի էլ, ՆԱՏՕ-ն չի գնա առճակատման, այլ ճանապարհ կընտրի»,- ասաց նա: Ամեն դեպքում, ըստ նրա, Հայաստանը Ռուսաստանին պետք է կարողանա հասկացնել, որ Թուրքիան պարզապես ցանկանում է քանդել նրան տակից:
Այս իրավիճակում, ըստ նրա, իհարկե, երբ լինեն բանակցություններ, պետք է պատրաստ լինել նաև փոխզիջումների: «Բայց ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը: Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են 7 շրջանները, Արցախն էլ հետը, այնտեղից մենք պետք է դուրս գանք: Հետո իրենք արդեն Արցախի կարգավիճակը կորոշեն: Հայաստանը չի կարող գնալ դրան: Այստեղ մենք ենք, մեր ժողովուրդն է, մեր երեխաներն են, բոլորիս կյանքն է: Կամ մենք կկանգնենք մինչև վերջ, կամ կդադարենք լինելուց»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան










