Կոչ եմ անում հայ ժողովրդին ոչ միայն իրենց քսակները հիմնադրամին ուղղել, այլ փորձառուները, հատուկ պատրաստություն անցած անձիք համախմբվեն և մասնակցեն պատերազմին. «Արծիվ մահապարտներ»-ի միության ղեկավար

15:31 • 23.10.20

Գրեթե մեկ ամիս թուրքական և ադրբեջանական համատեղ զորքերի ու ահաբեկիչների բանակի հարձակումից հետո հայրենական պատերազմի վերածված այս ճակատամարտը մեզ նորից մղում է, որ խոսենք ժողովրդի հետ, ինքներս մեզ հետ, իմի բերենք անցածը և իմանանք, թե ինչ ենք անելու թե՛ այստեղ, թե՛ ճակատամարտում: Մեզ հետ կռվողը հակառակորդ չէ, այլ հավաքական ահաբեկչական մի բանդա, որը այսօր կռիվ է մղում այնքան, ինչքան ունի սպառազինություն. այսօր կայացած  ասուլիսի ժամանակ նշեց «Արծիվ մահապարտներ»-ի միության  ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:

««Արծիվ մահապարտներս» կռվել ենք 1990-94 թվականներին և բանակին լավագույն սպաներ և հերոսներ ենք տվել և չենք կարող անտարբեր լինել: Այսօր ռազմաճակատ գնացած 100 հոգանոց մահապարտների գումարտակը տվել է 5 զոհ և երեք անհետ կորած, հիմա հակառակորդի տարածքում է գտնվում մի քանիսը: Կան մեզ հետ մարտնչած կամավորներ և երկրապահներ, հադրութցիներ և աշխարհի տարբեր ծայրերից եկած հայեր, որոնք հիմա մարտնչում են: Ունենք 32 հոգի վիրավոր, ծանր վիրավոր՝ 4 հոգի, տարբեր հոսպիտալներում և հիվանդանոցներում են: Նույնիսկ Արկադին, որի մարմնի մի մասը՝ ձեռքի հատվածից մինչև աչքը չկա, տեսողությունը 20 տոկոս է, երեկ փախել է հիվանդանոցից, որ գնա առաջնագիծ, իր որդին էլ առաջնագծում է»,- նշեց նա:

Աստվածատուր Պետրոսյանն ընդգծեց, որ ընթանում է 5-րդ սերնդի պատերազմ, Ադրբեջանին միացել է թուրքական բանակը՝ իր կորպուսային ամբողջ ղեկավար կազմով, պաշտպանության ղեկավարից սկսած, կռվում է մեր գլխավոր շտաբի և ՊՆ-ի ընդհանուր զորքերի դեմ: Կռվում են բարձր կարգի զինվորականներ, պատերազմի ամբողջ ղեկավարումը Թուրքիան վերցրել  իր վրա:

«Ամբողջ գլխավոր շտաբը, բանակը, ահաբեկիչների բանակը ղեկավարում է թուրքական բանակի կողմից, որն ունի միլիոն ու կես զորք և որը հայ-թուրքական սահմանին ունի տեղակայած երեք բանակ՝ բարձր տեխնոլոգիաներով զինված, որը 10 անգամ ուժերը գերազանցող տանկային և օդային ստորաբաժանումներով հակաօդային ստորաբաժանումներով զինված բանակ է:
Աշխարհի շատ երկրներ իրենց սպառազինության մեջ չունեն այդ միջոցները, և դրանք այժմ  գտնվում են առաջին փորձարկման մեջ՝ մեր դեմ: Բայց մեր զինվորականները կարողացել են կռվել և տասնյակ անգամ մեծ կորուստներ պատճառել»:

Գեներալ-մայորի հավաստմամբ՝ հայկական բանակը այժմ համալրել է իր զինամթերքը: Կան բազում հակաօդային պաշտպանության միջոցներ, հնարավոր ամենակատարելագործված զենքերով կռվելու ամենաթեժ կետում.

«Կոչ եմ անում ամբողջ հայ ժողովրդին, ոչ միայն իրենց քսակները հիմնադրամին ուղղել, այլ փորձառուները, ամենահատուկ պատրաստության անցած անձիք համախմբվեն և մասնակցեն պատերազմին: Բանաստեղծները, երգիչները, բոլորն առաջնագծում են, այսօր Ռուսաստանից կամավորներ են գալու և եկել են՝ լծվելու արդարամիտ պատերազմը հաղթանակի տանելու: Գնում ենք ոչ թե մահանալու, այլ ապրելու, որովհետև Աստված իր ձեռքը դրել է մեր վրա: Հայրենիքը միայն արյունով չեն ներկում, մենք պետք է ապրելով պայքարենք Թուրքիայի ահաբեկչական խմբերին և Թուրքիային ևս մեկ անգամ վռնդելու և ոչնչացնելու»:

 «Կին ազատամարտիկներ»-ի միության նախագահ Աիդա Սերոբյանը նշեց, որ նոր է վերադարձել և առավոտյան գնալու է ռազմաճակատ: Նշեց, որ տղաների տրամադրությունը բարձր է և չպետք է խուճապի մատնվել: Նա կոչ արեց, որ բոլոր նրանք, ովքեր կարող են զենք վերցնել՝ անկախ տարիքից և սեռից, պետք է գնան ու պահպանեն հայրենիքը.

«Մենք այդքան երիտասարդ արյուն ենք հեղել, չենք կարող թողնել, որ նրանց նահատակվելն իզուր անցնի: Մենք ինչպես ենք Եռաբլուր գնալու, ի՞նչ պառասխան ենք տալու: Ադրբեջանը չի գալիս բանակցությունների և անգամ իր ստորագրած զինադադարը ընդամենը 4 րոպե տևեց, և այս հարցը պետք է ուժի միջոցով լուծել: Հայը երբ համախմբվում է, անգամ Սիրիայի բաշիբոզուկներն են զենքը գցում և փախչում»: