«Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»․ Յենս Ստոլտենբերգը՝ ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգավվածության մասին

20:01 • 23.10.20

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների տեսակոնֆերանսի արդյունքներով կայացած ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է պատասխանել այն հարցին, «թե դաշինքի անդամ երկրի համար թույլատրելի է արդյոք Թուրքիայի վարքագիծը, որը, բազմաթիվ հայտարարությունների համաձայն, Սիրիայից իսլամիստ գրոհայիններին տեղափոխում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի», գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերով։ Մենք բոլոր կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում․ մարտական գործողությունները պետք է դադարեցվեն»,- հարցին ի պատասխան ասել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։