Բորելը և Պոմպեոն արտաքին կողմերին կոչ են արել զերծ մնալ ԼՂ-ում վտանգավոր գործողություններից
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրադրությունը՝ արտաքին կողմերին կոչ անելով զերծ մնալ վտանգավոր գործողություններից: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Երկու ղեկավարները նաև գնահատել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել հրադադարի համաձայնեցված ռեժիմը: Նրանք կողմերին կոչ են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները, ինչպես նաև բոլոր գործող անձանց, այդ թվում՝ արտաքին կողմերին, ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են տարածաշրջանի համար մեծացնել ռիսկերը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










