Ադրբեջանին պետք է ստիպել զգալ պատժամիջոցների, օրինակ՝ զենքի վաճառքի արգելանքի վտանգը, դա կլինի կրակի դադարեցման իրական երաշխիք. Դավիթ Հովհաննիսյան (տեսանյութ)
Առանց կրակի դադարեցման վերահսկողության գործիքների՝ անիմաստ է խոսել պայմանավորվածությունների մասին, պետք է ճնշման որոշակի մեխանիզմներ լինեն, որոնք կստիպեն Ադրբեջանին զգալ քաղաքական և տնտեսական հնարավոր պատժամիջոցների, օրինակ՝ զենքի վաճառքի արգելանքի վտանգը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:
«Ադրբեջան իր զորքերն ուղարկելու մտադրության մասին Թուրքիայի հայտարարությունները քարոզչական թեզեր են, ի հակադրություն դրա՝ ԱՄՆ-ից և Ռուսաստանից եկող ուղերձները, ՌԴ-ի և Իրանի՝ այս օրերին անցկացվող զորավարժությունները ճնշման մեխանիզմներ են: Այս կոնֆիգուրացիայով տարածաշրջանը՝ երեք ճանաչված, երեք չճանաչված երկիր և երեք տարածաշրջանային գերտերություն՝ ՌԴ, Իրան, Թուրքիա, այլևս գոյություն չունի, այն չի համապատասխանում արտատարածաշրջանային երկրների նպատակներին՝ կապված այստեղի ենթակառուցվածքների հետ»,- ասել է դեսպանը:
Ըստ Հովհաննիսյանի՝ պատերազմի գոտուց հեռու գտնվող որոշ պետություններ ակտիվորեն ներգրավվում են գործընթացի մեջ, դիրքորոշում են հայտնում, ստացվում է՝ տարածաշրջանի հիմքերը փոխվում են. «Արցախում չի կարող խաղարկվել սիրիական սցենարը, երբ ՌԴ-ն և Թուրքիան պայմանավորվեցին: ՌԴ-ն շարունակում է այս տարածաշրջանը դիտարկել որպես բացառապես իր շահերի դրսևորման, իր ազդեցության ծավալման գոտի, որտեղից պիտի տարածի այդ ազդեցությունը, ոչ թե զիջի: Հարավային Կովկասը ՌԴ-ի քաղաքական և տնտեսական էքսպանսիայի բազա է: Պետք է հասկանալ՝ ինչ սահմաններում է Թուրքիան մասնակցում այս պատերազմին»:
Պրոֆեսորի կարծիքով՝ միակ ուժը, որին պիտի ապավինենք, մեր բանակն է և կենսունակ Հայկական սփյուռքը. «Մենք չպիտի կասկածենք մեր հնարավորությունների և ներուժի հարցում: Սփյուռքն այնպես աշխատեց, որ մի շարք ընկերություններ խզեցին իրենց հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, նրանք այլևս զենքի բաղադրատարրեր չեն մատակարարում այդ երկրներին: Մենք շատ ուշ ենք սկսել աշխատել Իսրայելի հետ, Հայաստանը շատ բան ունի առաջարկելու այդ երկրին, նրանք էլ մեզ, ինչո՞ւ չէ՝ նաև ռազմարդյունաբերության և գիտության ոլորտում»:
Դավիթ Հովհաննիսյանի պնդմամբ՝ կարևոր է նաև Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական գործակցության ծավալումը, քանի որ այդ երկրի թշնամի Պակիստանն աջակցում է Ադրբեջանին. «Հնդկաստանը, բացի հսկայական բնակչությունից և հարուստ ռեսուրսներից, բարձրորակ գիտություն և սեփական ռազմարդյունաբերություն ունի, լավագույն մաթեմատիկոսներն այնտեղ են: Կարելի է բարեկամ երկիր լինել, բայց եթե այն շոշափելի աշխատանքի, պայմանավորվածության, ապրանքափոխանակության չես վերածում, պայմանագրեր չես կնքում, բարեկամությունը դատարկ խոսք է»:
Դեսպանի պնդմամբ՝ սպասելիքները մեծ են մեր դիվանագիտությունից, իրավիճակը պարտադրում է, որ ավելի կտրուկ լուծումներ գտնենք: «Յուրաքանչյուր երկրում մեր դեսպանատան համար պետք է մշակել այդ երկրի համար ընկալելի ձևակերպումներ: Արաբական որևէ երկրում մեր դեսպանի աշխատանքը պետք է տրամագծորեն տարբերվի, ասենք, ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում մեր դեսպանի աշխատանքից»,- ամփոփել է պրոֆեսորը:
Դավիթ Սարգսյան










