Ադրբեջանը ԼՂ-ում կասետային զինամթերք է կիրառել. Human Rights Watch (լուսանկարներ)
Ադրբեջանը շարունակաբար օգտագործել է արգելված կասետային զինամթերք Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտարարել է Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը: 2020թ. հոկտեմբերին ԼՂ-ում իրականացված հետաքննության արդյունքում կազմակերպությունը գրանցել է 4 միջադեպ, որոնց ընթացքում Ադրբեջանը կիրառել է կասետային զինամթերք:
«Կասետային զինամթերքի շարունակաբար օգտագործումը, հատկապես բնակելի տարածքներում, ցույց է տալիս քաղաքացիական բնակիչների անվտանգության անտեսումը»,- նշել է կազմակերպության զենքի բաժնի տնօրեն և «Կլաստերային զինամթերք» կոալիցիայի նախագահ Ստեֆեն Գուսը:

Նրա խոսքով՝ կասետային զինամթերքը չպետք է երբեք կիրառվի ոչ մի պարագայում, առավել ևս քաղաքներում՝ քաղաքացիների համար կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով:

ԼՂ-ում հակամարտության ընթացքում կազմակերպությունն ուսումնասիրել է՝ որքանով են կողմերը հավատարիմ միջազգային մարդասիրական իրավունքին, որը բոլոր ժամանակներում զինված ուժերից պահանջում է տարբերակում դնել զինվորականների և քաղաքացիների, ռազմական օբյեկտների և քաղաքացիական օբյեկտների միջև:

Որպես այդպիսին, հարձակումներն անխտիր արգելվում են, ներառյալ այն հարձակումները, որոնք օգտագործում են զինամթերք, որը չի կարող ուղղված լինել որոշակի օրինական ռազմական թիրախի վրա:

Human Rights Watch-ը հարցումներ է ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ տեղում հետաքննություն իրականացնելու թույլտվության համար, սակայն հասանելիությունը դեռևս չի երաշխավորվել:

ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպությունն ուսումնասիրել է հրիթռների և զինամթերքների մնացորդները, որոնք պայթել են, ինչպես նաև զինատեսակներ, որոնք չեն պայթել: Կազմակերպությունում ուսումնասիրել են նաև Հադրութ քաղաքում արված պայթած և չպայթած հրթիռների և զինամթերքների լուսանկերները:

Human Rights Watch-ը զրուցել է նաև 6 մարդու հետ, որոնք պայթյունների ականատեսն են եղել:
Ստեփանակերտի բնակիչները նշել են, որ զինամթերքների կիրառմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան բնակելի թաղամասում՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գրասենյակից մոտ 200 մ հեռավորության վրա:

«Կասետային զինամթերքի շարունակաբար օգտագործումը պետք է անհապաղ դադարեցվի, քանի որ կիրառումը կարող է հետագայում քաղաքացիների համար սպառնալիք լինել»,- նշել է Գուսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 900 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










