Բոլորը պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները, այլապես առողջապահական համակարգը կոլապսի կենթարկվի. Վահե Տեր-Մինասյան

13:20 • 23.10.20

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 21 560 պացիենտ: Երեկ կատարվել է 5760 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Բժիշկ Վահե Տեր Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ այս տեմպերի շարունակվելու պարագայում հիվանդանոցներում ազատ մահճակալների խնդիր ենք ունենալու, ինչը հանգեցնելու է առողջապահական համակարգի կոլապսի, արդյունքում՝ այն հիվանդը, որը տան պայմաններում բուժում չի կարող ստանալ և նրան պետք է հիվանդանոցային բուժում ապահովվել, պարզապես հիվանդանոց չի կարող տեղափոխվել՝ մահճակալ չլինելու պատճառով:

«Կոլապսի դեպքում հիվանդանոցում չենք ունենալու համապատասխան սարքավորումներ, բավական քանակությամբ բժիշկ և բուժքույր: Այսինքն՝ այն հիվանդը, որը պետք է բուժում ստանար հիվանդանոցում նրան պետք է ասեն՝ բուժումը տանը շարունակիր, և եթե այս տեմպերով գնանք՝ կհասնենք դրան: Առողջապահական կոլապսը նա է, երբ ունես 70 տարեկան և 40 տարեկան հիվանդ և ընտրություն ես կատարում ավելի երիտասարդ հիվանդի օգտին, և դա շատ վատ է, երբ չես կարողանում հիվանդին փրկել»,– ասաց նա:

Հարցին, թե դեպքերի ավելացումը արդյո՞ք պատերազմով էր պայմանավորված, թե՞ սկսվել է դեռ ամիսներ առաջ կանխատեսվող համավարակի երկրորդ ալիքը, Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ հիվանդության այս տեմպերը երկրորդ ալիքին բնորոշ չեն։

«Մարդիկ առանց դիմակի խանութ են մտնում, հասարակական այլ վայրեր են հաճախում: Նույնիսկ բժշկի մոտ մտնում են դիմակով, հանում է և ասում՝ բարի լույս, բժիշկ ջան, և այսպես մոտավորապես 80 տոկոս դեպքերում: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ մենք ունենք հարյուրավոր տխուր դեպքեր, և մարդիկ հանդիպում են, գրկախառնվում են, դա էլ վարակի տարածման աղբյուր է: Պատկերացրեք, եթե խնդիր ունենանք նաև զինված ուժերում: Պարզ է, ոչ մեկ չի ասում ռազմի դաշտում դիմակ կրել, բայց խանութ մտնելիս հասարակական վայրում գտնվելիս, ի՞նչն է խանգարում դիմակ կրել»,– ասաց նա:

Վահե Տեր-Մինասյանը նկատում է, որ այս պահին մահճակալի խնդիր կա, և հիվանդները սկսում են փնտրել, թե որ հիվանդանոցում ազատ մահճակալ կա, որ կարողանան բուժում ստանալ: Խոշոր հիվանդանոցներից յուրաքանչյուրը մեկը կարող է ունենալ մի քանի հարյուր մահճակալ, սակայն մենք օրական ունենում ենք 2000-ից ավել դեպք:

«Ես խորհուրդ կտամ գրիպի դեմ պատվաստվեն որովհետև պետք է հասկանանք, որ գրիպը և կովիդը տարբեր են, և մեզանից յուրաքանչյուրը կարող է գրիպով հիվանդանալ և հետո էլ կովիդով վարակվի: Եվ շատ ավելի մեծացնի հիվանդության բարդության մակարդակը: Պատվաստանյութը կա, կարող են տեղամասային պոլիկլինիկայում պատվաստվել և մոտավորապես 2-3 շաբաթ հետո արդեն հակամարմինների մակարդակն այնքան է լինում, որ սեզոնային գրիպների ընթացքում կարող ես պաշտպանված լինել»:

Վահե Տեր-Մինասյանը նշում է՝ այս պահին յուրաքանչյուրը պետք է պահպանի հակահամաճարակային կանոնները և չսպասի, որ ինչ- որ մեկը պետք է վարակը հաղթահարելու նոր մեխանիզմ առաջարկի: «Ի՞նչ պետք է առաջարկեն պատերազմող երկրում, չենք կարող «լոք- դաուն» անել և նստել տանը, երբ տնտեսությունը կազմալուծված է և եղածն էլ ոչնչացնենք: Միայն պետք է ամեն մեկը գիտակցի, որ երբ ինքը հիվանդանում է, զբաղեցնում է բժիշկ, օգտագործում է դեղ, զբաղեցնում է ժամանակ, որը կարող էր վիրավոր զինվորին բուժելու համար տրամադրվել»,- ընդգծեց նա: