Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան այցից ակնկալիքները մեծ չեն. Աննա Կարապետյան (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպումներից ակնկալիքները մեծ չեն: Այս մասին «Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման «Հայացք. Երկրագունդ» խորագրի ներքո ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը:
«Ի սկզբանե այս հանդիպումներից ակնկալիքները չեն կարող մեծ լինել»,- ասել է նա և ուշադրություն հրավիրել այցի նախաշեմին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի խոսքերին:
«Սա, մի կողմից՝ հարված էր ԱՄՆ հեղինակությանը, մյուս կողմից՝ ուղերձ մյուս միջնորդներին»,- ասել է Կարապետյանը: «Բոլորին ակնհայտ է, որ Ադրբեջանն այսօր ամեն ինչ անում է՝ ցույց տալու համար, որ այս միջնորդական ձևաչափն իրեն սպառել է, մեծ արդյունքներ լինել չեն կարող»,- հավելել է նա:
Ըստ փորձագետի՝ ԱՄՆ նման նախաձեռնությունն այս պահին որոշ չափով տեղավորվում է Դոնալդ Թրամփի նախընտրական տրամաբանության մեջ և նպատակ է հետապնդում ցույց տալ, որ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում ԱՄՆ-ն չի զիջել իր դերը և ունի որոշակի դերակատարում:
«Պատերազմի առաջին իսկ օրվանից և՛ ՌԴ-ն, և՛ Ֆրանսիան ավելի նախաձեռնող էին և իրենց գնահատականներում էլ՝ ավելի հասցեական: ԱՄՆ-ն, այս հանդիպումները կազմակերպելով, փորձում է ցույց տալ սեփական շահագրգռվածությունն ու ակտիվությունը»,- ասել է Կարապետյանը:
Հրադադարի վերականգնման համատեքստում, ըստ քաղաքագետի, ավելի շատ պետք է սպասել ՌԴ ջանքերի շարունակությանն ու արդեն մեկնարկած գործընթացը որոշակի արդյունքների հասցնելուն:
Անդրադառնալով միջնորդների հետ Հայաստանի և Արցախի աշխատանքին՝ քաղաքագետը նշել է, որ Ադրբեջանի ցինիկ պահվածքն ու այդ թվում՝ երեկ արված հայտարարությունները՝ հանրաքվեի անընդունելի լինելու մասին, պետք է կտրուկ և հասցեական արձագանք ստանան միջնորդներից, քանի որ դա հենց նրանց կողմից կարգավորման հիմքում դրված սկզբունքների ոտնահարում է:
«Եվ գնահատականը պետք է լինի մեկը՝ Արցախի անկախության ճանաչումը: Եթե Ադրբեջանը փորձում է ոտնահարել ինքնորոշման իրավունքը և կարգավորումը տեսնել միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, միջնորդները պետք է այս կամ այն կերպ ստիպեն Ադրբեջանին հաշվի նստել ինքնորոշման իրավունքի հետ: Այսօր դա անելու լավագույն ճանապարհն Արցախի անկախության ճանաչումն է»,- ասել է Կարապետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










