ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային և Ադրբեջանի զենքի վաճառքն արգելելու վերաբերյալ բանաձևեր է ներկայացրել Սենատ
ԱՄՆ Սենատի անդամ Ռոբերտ Մենենդեսը Թուրքիային և Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու վերաբերյալ բանաձևեր է ներկայացրել Սենատ, հայտնում է Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջը:
«Ադրբեջանի ընթացիկ ագրեսիան հայ ժողովրդի դեմ, որն ուղեկցվում է Թուրքիայի լիակատար աջակցությամբ, արդեն իսկ ցավոտ հետևանքներ է ունեցել քաղաքացիական բնակչության շրջանում և հանգեցրել մարդու իրավունքների ոտնահարման: ԱՄՆ-ը չի կարող շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել ու սպառազինություն վաճառել Ադրբեջանին և Թուրքիային, քանի դեռ նրանք տարածաշրջանում շարունակում են հեռվանալ խաղաղությունից»,- հայտարարել է Մենենդեսը:
Ըստ սենատորի՝ Թուրքիայի գործադրած բռնությունը տարածվում է Հարավային Կովկասից անդին՝ մինչև Սիրիա, Իրաք և Լիբիա, և թե՛ Էրդողանը, թե Ալիևն իրենց ժողովուրդներին բռնության են ենթարկել:
«Այս բանաձևը նպատակ ունի կանխարգելել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից մարդու իրավունքների ոտնահարումներն ու ճանապարհ հարթում, որպիսի դադարեցվի երկու երկրների սպառազինումը, ինչից օգտվում են նրանց զինված ուժերը խաղաղ բնակչությանը հարվածելու համար»,- հայտարարել է սենատորը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 22-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 900 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










