Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ․ որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին․ Արցախի ՄԻՊ
Ադրբեջանական քարոզչամեքենան վերջին օրերին սկսել է ակտիվորեն քարոզչական թեզերը պտտել հայերի հանդեպ դրական վերաբերմունքի, համատեղ ապրելու հնարավորությունների, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորության մասին, որոնք, Բեգլարյանի խոսքով, քմծիծաղ են առաջացնում։Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագրի որոշողը, մենք ենք մեր հայրենիքի ճակատագրի որոշողը, հետևաբար որևէ խոսք չի կարող լինել Ադրբեջանի կազմում ապրելու հնարավորության մասին, դա պարզապես բացառվում է, առաջին հերթին՝ քանի որ մենք ունենք բացառիկ իրավունքներ մեր հայրենիքում ապրելու, և երկրորդ հերթին՝ քանի որ տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունները պարզապես այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացել եմ իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը և ուղղակի անհնար են դարձրել երկու ժողովուրդների համատեղ գոյակցությունը որևէ տեսանելի ապագայում»,-հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 24 ինքնաթիռ, 206 անօդաչու թռչող սարք, 588 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 6539 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։










