Չենք հանդուրժելու, որ Թուրքիան մնա անպատիժ․աշխարհից պահանջում ենք Թուրքիայի նկատմամբ կիրառել համապատասխան պատժամիջոցներ ու ճանաչել Արցախի Հանրապետությունը․արցախցի կանայք

13:12 • 24.10.20

Ամեն օր, ամեն վայրկյան սերունդներ են ոչնչանում․մենք չենք լռելու, որովհետև Արցախի մայրը այս պահին կորուստը սգալու ժամանակ չունի, դրա ժամանակն էլ է լինելու։ Արցախի կնոջը, մորը կոտրել անհնար է։ Այս մասին «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամների ասուլիսի ընթացքում հայտարարեց Լիանա Ադամյանը։

Ներկայացնելով շարժման նպատակը՝ նախաձեռնող խմբի անդամները հայտարարեցին, որ պահանջում են Արցախի Հանրապետության ճանաչում։

Խմբի ներկայացուցիչ Իրինա Սաֆարյանը հայտարարեց․ «Ինչու արցախցի կանայք ու մայրերը․ ով, եթե ոչ մենք կարող ենք ավելի լավ ներկայացենլա այն իրավիճակը, որ տիրում է Արցախում, և ոչ թե լրագրողական լեզվով խոսել, այլ  հենց մեր անձնական պատմությունները ներկայացնել Հայաստանում գործող տարբեր միջազգային կառույցների ղեկավարներին դեսպանատների ղեկավարներին»,-նշեց նա։

Իրենց առաջին քայլը, Սաֆարյանի տեղեկացմամբ, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրականացրած ցույցն է եղել։ «Կարողացանաք այնպիսի աղմուկ բարձրացնել, որ հանդիպեցինք ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ»,-ասաց նա՝ նշելով, թե հանդիպումը բավականին խոստումնալից է եղել։

Նախաձեռնող խմբի անդամենրիցՍիրանուշ Սարգսյանը ներկայացրեց, որ հաջորդ երկիրը, որ ընտրել էին, ԱՄՆ-ն է, որովհետև վերջինս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր է և իր չափաբաժնով պատասխանատվություն է կրում Արցախյան հակամարտության կարգավորման համար։

«ԱՄՆ-ն ընտրել ենք նաև նրա համար, որ Թուրքիան այս պատերազմում շատ ավելի մեծ ներգրավվածություն ունի, քան մեր անմիջական թշնամին՝ Ադրբեջանը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ԱՄՆ-ի հիմնական գործընկեր երկրներից մեկը, և հենց ամերիկյան զինատեսակներն են այսօր օգտագործվում Արցախի խաղաղ բնակչության դեմ»,-ասաց նա՝ ընդծելով, թե այս ամենը ներկայացրել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ ԱՄՆ-ից, և, ինչու չէ, մյուս անդամ երկրներից մեր պահանջն այն է, որ ճանաչեն Արցախի Հանրապետությունը․ սա ոչ  թե մեր ցանկությունն է, այլ միակ տարբերակը, եթե ուզում են կոնկերտ քայլեր ձեռնարկել։ Ադրբեջանին, Թուրքիային զսպելու միակ տարբերակը դա է։ Գոնե հայտարարություն տարածեն, որ եթե Ադրբեջանը չի դադարեցնում ռազմական գործողությունները, իրենք ճանաչելու են ԱՀ-ն»,-ասաց նա։

Նախաձեռնող խմբի անդամներից Լիանա Ադամյանն էլ հայտարարեց, որ արցախցի բոլոր կանայք ցույցերին չեն ներկայանում, որովհետև փորձում են հնարավորինս պահպանել հակահամաճարակային կանոնները, բացի այդ՝ ոչ բոլորն են, որ Երևանում են գտնվում։

«Մենք ներկայացնում ենք մեր ձայնը, և թող միջազգային կառույցների մոտ տպավորություն չստեղծվի, թե արցախցի կինը տնային տնտեսուհի է և կարողանում է միայն ժենգյալով հաց թխել։ Մենք մեր արժեքների, պատմության կրողն ենք։ Յուրքանչյուրիս ընտանիքն ունի իր՝ դարերով ցեղասպանվելու, էթնիկ զտումների պատմությունը։ Խորհրդային տարիներին ամեն անգամ, երբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին, իրականացվում էր ցեղասպանություն»,-հայտարարեց նա, ապա ավելացրեց․

«Մենք սերունդներով կոտորվում ենք, մեզ սերունդներով փորձում են վախեցնել, որ լքենք մեր բնակավայրերը, գյուղերը, տները, եկեղեցիները, գերեզմանները։ Այդպես չի լինելու։ Մենք չենք հանդուրժելու, որ այս օրերին կեղծ օրակարգ պարտադրվի, և Թուրքիան ներխուժի բանակցային գործընթաց։ Մենք Թուրքիային չենք դիտարկում հակամարտության կողմ, մենք մեր պահանջատիրության հարցում շատ հասցեական ենք, որովհետև չենք հանդուրժելու, որ Թուրքիան մնա անպատիժ։ Մենք աշխարհից պահանջում ենք, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվեն համապատասխան պատժամիջոցներ»,-ասաց նա։

Նա կոչ արեց արցախցի կանանց, մայրերին հոկտեմբերի 26-ին, ժամը՝ 11-ին ներկայանալ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության գրասենյակ։