Ադրբեջանը կիրառել է Պոլոնեզ տիպի հրթիռներ՝ ակնհայտորեն թիրախավորելով բացառապես քաղաքացիական օբյեկտներ․ Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Սեպտեմբերի 27-ից ի վեր կա առնվազն 37 քաղաքացիական զոհ և առնվազն 118 քաղաքացիական վիրավոր: Վիրավորներից մեկն արձանագրվել է այս գիշեր Ավետարանոց գյուղում ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ասուլիսին հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Անդրադառնալով ենթակառուցվածքային, նյութական վնասներին' Բեգլարյանն ասաց, թե նախնական վերլուծությամբ՝ մոտ 10500 մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ և այլն վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել, 1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել, նաև հանրային ու արտադրական օբյեկտներ և 1100-ից ավելի շարժական գույք։
Նա ընդգծեց՝ ռազմական գործողությունների ծավալի և շարունակականության պատճառով հնարավոր չէ ճշգրտված տվյալներ ավելի մանրամասն ներկայացնել:
Նրա խոսքով՝ որոշակի նախնական տվյալներ ունեն քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու մասին հատկապես այն բնակավայրերում, որտեղ ադրբեջանական դիվերսիոն խմբեր մուտք են գործել, սակայն ռազմական գործողությունների շարունակմամբ պայմանավորված՝ անհնար է վերջնական ճշգրտված տվյալ ներկայացնել։
«Ռիսկը բավականին մեծ է՝ նաև հաշվի առնելով Հադրութի դեպքը, երկու քաղաքացիական անձանց սպանությունը, որի վերաբերյալ տեսանյութը հրապարակվեց ադրբեջանական սոցիալական մեդիայում: Ռիսկը մեծ է, որ կարող են այլ դեպքեր էլ լինել, քանի որ, մեր տեղեկություններով, անհետ կորած քաղաքացիական անձինք կան,-ասաց նա:
Բեգլարյանն ընդգծեց՝ Արցախի տարբեր քաղաքներում, բնակավայրերում շարունակվում են թիրախավորվել քաղաքացիական օբյեկտները, ինչը պատերազմական հանցագործություն է։
«Ըստ մեր վերլուծության՝ Ադրբեջանը կիրառել է «Պոլոնեզ» տիպի հրթիռներ, և թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ՝ ներառյալ բնակելի հատվածներ, ենթակառուցվածքային միավորներ և արտադրական նշանակության օբյեկտներ»,-ասաց նա։
Բեգլարյանի խոսքով՝ մարդկային զոհերի ու վիրավորների քանակը նվազում է, քանի որ քաղաքացիներն ավելի զգուշավոր են և հիմնականում գտնվում են ապաստարաններում։
Բեգլարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը հոգեբանական ու ֆիզիկական ճնշում է գործադրում ռազմագերիների վրա, որպեսզի վերջիններս ներկայացնեն ադրբեջանական թեզեր։










