«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել». Պուտին

17:58 • 29.10.20

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով մասնակցել է «Ռուսաստանը կանչում է» ներդրումային հիմնադրամի համաժողովին, որի մասնակիցներից մեկի խնդրանքով անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ գործակալությունը,Պուտինը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այս հակամարտությունը սկիզբ է առել էթնիկ բախումներից, մինչդեռ ԽՍՀՄ այն ժամանակվա իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել մարդկանց անվտանգության ապահովման համար:

Պուտինն ընդգծել է, որ «էթնիկ հողի վրա կատարված բացասական իրադարձությունների հետևանքով հայերը ձեռքները զենք են վերցրել և դա անձամբ են արել»:

ՌԴ նախագահի խոսքով՝ «հակամարտության յուրաքանչյուր կողմն իր ճիշտն ունի և հակամարտությունը հեշտ լուծումներ չունի, քանի որ հանգույցը շատ պինդ է կապված»:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է Հայաստանի և Ադրբեջանի շահերի հավասարակշռում գտնել»,-կարծիք է հայտնել ՌԴ նախագահը:

Վերջինս կարևորել է, որ հարցի կարգավորմամբ մարդիկ կարողանան իրենց ապահով զգալ, արդյունավետ տարածաշրջանային զարգացման պայմաններ, ենթակառուցվածքային բոլոր հնարավորությունների ապաարգելափակման հնարավորություններ ստեղծվեն:

Պուտինի խոսքով՝ դա հնարավորություն կտար այսօրվա համաժողովի մասնակիցներից շատերին մասնակցել տարածաշրջանի զարգացմանը, ներդրումներ անել:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, մարդկային կորուստները, նստել բանակցային սեղանի շուրջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 40 քաղաքացիական անձ, վիրավորվել է 120 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։