«Թուրքիայի հետ բիզնես գործարքը Թրամփին ներքաշել է թուրքական քաղաքականություն՝ ստիպելով գործել անձնական և ոչ թե պետական շահերից ելնելով»․ Mother Jones

10:54 • 30.10.20

2015 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, որն այդ ժամանակ դեռևս նախագահի թեկնածու էր, հարցազրույցներից մեկի ժամանակ պատահաբար խոստովանեց, որ Թուրքիայի հարցում անձնական ու պետական շահերի ոչ մեծ բախում է առկա, գրում է ամերիկյան Mother Jones ամսագիրը։

Ինչպես նշում է հոդվածագիր Դեն Ֆրիդմանը, անցյալ ամիս The New York Times-ն իր հոդվածում բացաhայտել էր, որ Թրամփը «առնվազն 13 միլիոն դոլար (ավելի շատ, քան նախկինում հայտնի էր), իսկ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո՝ ավելի քան 1 միլիոն դոլար եկամուտ է ձեռք բերել 2008-ի գործարքից, որի համաձայն՝ Ստամբուլի երկու երկնաքերերը կրում են Trump Towers անունը։

«Այդ գործարքը Թրամփին ներքաշել է թուրքական քաղաքականության մեջ.շենքերը պատկանում են Թուրքիայի ավտորիտար նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարուստ դաշնակցին։ Իսկ գործարարը, որն օգնում էր բանակցել այդ գործարքի շուրջ՝ Ալի Յալչինդագը, այժմ թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նախագահն է, որը The Times-ի հետ հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ գործարքի կնքումից հետո «բարեկամական» հարաբերություններ են հաստատվել Թրամփի հետ»,- նշում է հոդվածագիրը։

Հոդվածագիրը բացահայտում է, որ կոռուպցիոն գործընթացներն ավելի ակնհայտ են դարձել օրերս The Times թերթի հրապարակումից հետո, որում նշվում է, որ Էրդողանի անձնական խնդրանքից հետո ԱՄՆ նախագահը և նրա կաբինետի անդամները ջանքեր են գործադրել դաշնային դատախազությունում թուրքական պետական բանկի կողմից պատժամիջոցների խախտման ենթադրյալ սխեմայի հետաքննությունը չեղարկելու համար։

Նրա խոսքով՝ դաշնային դատախազները պնդում էին, որ թուրքական Halkbank-ը խուսափել է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից և կարծում էր, որ այդ սխեման «օգնել է ֆինանսավորել իրանական միջուկային ծրագիրը»։

Մեջբերելով դասախոս Քեթլին Քլարկի խոսքերը՝ հոդվածագիրը նշում է, որ «Մենք բոլոր հիմքերն ունենք անհանգստանալու, որ Թրամփը արդարադատության նախարարությանը հանձնարարել է Էրդողանին տալ այն, ինչ վերջինս էր ցանկանում, և որ նա դա արել է ոչ թե հասարակական, այլ անձնական շահերից ելնելով»։

Ֆրիդմանը նշում է, որ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը նույնպես բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի հետ հարաբերություններում Թրամփի անձնական, այլ ոչ թե ամերիկյան շահի առնչությամբ՝ նշելով, որ դա կարող է խաթարել արդարադատության աշխատանքը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին վերսկսված ռազմական գործողությունների հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը՝ հոդվածագիրը նշում է, որ Թրամփն Էրդողանին հրապարակավ չի մեղադրել Ադրբեջանին զենք ու զինամթերք և այլ աջակցություն տրամադրելու համար, իսկ Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանը դիմադրում է հրադադարի հարցում ԱՄՆ-ի ջանքերին։