Ադրբեջանի ԶՈՒ-երի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին. ինչ-որ առումով Ադրբեջանի զինված ուժերը այլևս գոյություն չունեն. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

22:42 • 01.11.20

Փաստացի, Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին, թուրքական գլխավոր շտաբին: Այս պահին կարող եմ ասել, որ ինչ-որ առումով նաև Ադրբեջանի զինված ուժերը այլևս գոյություն չունեն: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսին հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով պատերազմում թուրքական ուժերի ներգրավման վերաբերյալ տեղեկություններին:

Նրա խոսքով՝ դեռ 2020-ի ամռան գործողություններից հետո, երբ Ադրբեջանի բանակը խայտառակ գործողություններ ու արդյունքներ դրսևորեց Տավուշի հատվածում կարճաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, Թուրքիան անցավ գործի՝ մաքսիմում իր ձեռքը վերցնելով Ադրբեջանի զինված ուժերի կառավարումը:

«Այս պատերազմի ընթացքում շատ ու շատ ադրբեջանցիների, ինչպես նաև միջազգային որոշ փորձագետների կողմից հիացմունքով նշվող ադրբեջանական ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման միջոցները, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ները, և ընդհանուր տեխնիկական նորարարական բաղադիրչը ոչ մի կապ չուներ Ադրբեջանի հետ, ավելի շատ թուրքական, իսրայելական է, և հիմնականում՝ թուրքական զինված ուժերի կառավարման ներքո»,-ասաց նա, ապա հավելեց՝ այդ տեխնիկական առավելությունը երկար չի տևելու․

«Այս ուղղությամբ ևս Ադրբեջանի՝ արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում: Մենք պատրաստ ենք ու գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել»: