Ադրբեջանի զինված ուժերն ամեն օր հրթիռակոծում են Շուշին. WarGonzo-ի հատուկ ռեպորտաժը քաղաքից (տեսանյութ)
Ռուս զինթղթակից Սեմյոն Պեգովը WarGonzo նախագծի շրջանակներում այսօր այցելել է Շուշի և ներկայացրել, թե ինչ վիճակում է ներկա պահին գտնվում քաղաքը:
«Շուշին արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում. Ադրբեջանի զինված ուժերն ամեն օր հրթիռակոծում են այն: Դատելով ավերածության մասշտաբներից և հայտնաբերված բեկորներից՝ ամենայն հավանականությամբ, կիրառվել են բելառուսա-չինական «Պոլոնեզ» հրթիռները»,- ասում է լրագրողը՝ ցույց տալով վերջին հրթիռակոծության հետևանքները:
Հատուկ ռեպորտաժ պատրաստելով քաղաքի կենտրոնից՝ Պեգովը հերքել է նաև ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկությունները, որոնց համաձայն՝ իրենց ուժերը մոտեցել են քաղաքին:
Վերջինս հավելել է, որ քաղաքի մոտակայքում դիվերսիոն ջոկատներ են ընդամենը նկատվել, ինչպես Հադրութի դեպքում: Պեգովի խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը հաջողությամբ հետ է մղում ադրբեջանական ուժերի ցանկացած հարձակում, ինչպես նաև ամուր պահվում է Բերձորի միջանցքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










