Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կիրակի Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտնել է, որ ադրբեջանական մայրաքաղաք է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարարը:
«Ես ժամանել եմ նախագահի հրահանգով: Դուք ամեն օր խոսում եք նրա հետ, առնվազն օրական երկու անգամ, այնուամենայնիվ փոխանցում եմ նրա ողջույնը: Մենք նախագահից հանձնարարություն ունենք Ադրբեջանին մենակ չթողնելու այս գործընթացում, կանոնավոր կերպով այցելել Բաքու և համատեղ գործել: Մեր նախարարը, այլ գործընկերներ, Բինալի Յըլդըրըմը (Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը՝ խմբ.) նույնպես կժամանեն»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 45 քաղաքացիական անձ, վիրավորվել է 141 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










