15 հաստիք ենք խնդրել, սակայն մերժվել է, բայց անհրաժեշտ 3,895,000 դրամը կենսական նշանակություն ունի ՄԻՊ-ի բյուջեի համար. Արման Թաթոյան (տեսանյութ)

17:45 • 04.11.20

Մարդու իրավունքների տարեկան բյուջեն, ընդհանուր առմամբ, հնարավոր չէ կրճատել, բայց մենք ունենք այդ բյուջեի ներսում տարբեր տողերով նվազեցումներ, ավելացումներ, թեև մի քանի տող կա, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն, դա հենց մեր աշխատանքի բնականոն գործունեությունն իրականացնելու համար է:

Այս մասին ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով նրան, որ ՄԻՊ գրասենյակի հատկացումները 2016թ. համեմատ կրճատվել են 4.3 միլիոն դրամով:

«Բավարար չեն ֆինանսական միջոցները, միշտ էլ բավարար չեն, որովհետև աշխատանքը շատ է: Կրճատման պատճառը՝ քովիդով, պատերազմական դրությունով պայմանավորված է, ինչը լիարժեք հասկանում եմ և խնդիր չկա, խոսքը մեր երկրին է վերաբերում, մեր բյուջեին է վերաբերում, երկրորդ կարծիք լինել չի կարող, պարզապես խոսքը վերաբերում է նվազագույն գումարային հնարավորություններին»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նշեց, որ իրենք 15 հաստիք են խնդրել, որը ամբողջությամբ մերժվել է և այդ հարցը նորից չեն բարձրացրել, բայց 3 միլիոն 895 հազար դրամը կենսական նշանակություն ունի և կարևոր է, որ ՄԻՊ–ի բյուջեում այն լինի, քանի որ հակառակ դեպքում ստիպված են լինելու ամեն անգամ Կառավարության որոշումով գումար խնդրել կոնկրետ հարցերի հետ կապված:

«Խոսքը վերաբերում է աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու համար  անհրաժեշտ սարքավորումների և գույքի գծով ծախսերին, որն ընթացիկ ծախսերով կազմում է 3 միլիոն 895 դրամ, այս հարցը կքննարկենք պարոն Ջանջուղազյանի հետ և հնարավորություն կունենանք ուղղելու համար: Փոքր է, բայց մեզ համար կարևոր է, որ կարողանանք սա ունենալ»,-ասաց նա: