Գիշերը Շուշիում բավականին թեժ է եղել. Շուշին, Մարտունին և այլ բնակավայրեր թիրախավորվել են կասետային զինատեսակներով. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Արդեն տեղյակ եք, որ գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում․ Շուշիի քաղաքացիական օբյեկտները բավականին ինտեսիվ կերպով թիրախավորվել են ադրբեջանական ԶՈւ-երի կողմից, ինչի հետևանքով առկա են վիրավորներ և բավականին մեծ ծավալի ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Այս պահին մանրամասները ճշտվում են, դեռևս չենք կարողանում վերջնական թվեր, ծավալներ հստակեցնել: Մարտունի քաղաքը նույնպես թիրախավորվել է, առկա են ավերածություններ քաղաքացիական օբյեկտներում, բայց բարեբախտաբար մարդկային կորուստ, վիրավոր այնտեղ չկա»,- նշեց նա:
Բեգլարյանը նշեց, որ երեկ մայրաքաղաք Ստեփանակերտն է թիրախավորվել ադրբեջանական ԶՈւ-երի կողմից, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել․ մեկը արձանագրվել է ծննդատան հարակից հատվածում, մյուսը՝ կենտրոնական շուկային հարակից հատվածում: «Սա նշանակում է, որ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակում են դիտավորյալ կերպով թիրախավորել քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները և չեն պահում միջազգային պայմանավորվածությունները: Երեկ թիրախավորվել է նաև Շուշին, Մարտունին, այլ բնակավայրեր, այդ թվում՝ կասետային զինատեսակներով, ինչը միջազգային իրավունքով արգելված զինատեսակ է՝ հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջակայքում», - նշեց ՄԻՊ-ը:
Նա նշեց, որ մեր կորուստների ու վիրավորների զգալի մասը հենց կասետային զինատեսակներից է արձանագրվել:










