Արցախի դեմ զինված հարձակմանը մասնակցող ահաբեկիչները կատարում են պատերազմական հանցագործություններ և պատրաստվում են այդ գործողությունները շարունակել այլ երկրներում ևս. Արման Թաթոյան
Եթե 2016 թվականին 5113 բողոք է եղել, 2017 թվականին՝ 6417, ապա 2020 թվականի միայն հոկտեմբերի մինչև 31-ն արդեն 8500 բողոք է եղել՝ 12 հազար անձի վերաբերյալ: ՀՀ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նաև նշեց, որ այս տվյալների մեջ չեն մտնում այցերը, պաշտպանի փորձաքննությունը օրենսդրական ակտերի վերաբերյալ, ՍԴ ներկայացվող դիմումները, դատական ատյանների, միջազգային մարմինների հետ աշխատանքը, մոնիտորինգային ուսումնասիրությունները:
«Մենք ունենք 3 անգամ աճ դրական լուծված գործերում»,-հայտնեց նա:
Արման Թաթոյանը նշեց, որ սեպտեմբերի 27-ից ՄԻՊ աշխատանքը կենտրոնացած է Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման ուղղությամբ։ Ըստ նրա՝ Ադրբեջանը մտադրված թիրախային վնասներ հասցնելու նպատակ ունի խաղաղ բնակավայրերում և պետք է հասկանալ, վերլուծել, գտնել սրա իրական դրդապատճառները, մոտիվները, մտադրությունները: Նա նկատեց, որ թիրախային զինված հարձակումներ են տեղի ունենում խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, զինված հարձակումներ՝ արգելված զինատեսակներով․ խոսքը նաև քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման մասին է:
ՀՀ ՄԻՊ-ը նշեց, որ Ադրբեջանում հայատյացությունը ունի պետական աջակցություն, քաղաքական բարձր մակարդակով խրախուսվում է։ Նա ասաց, որ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը պատերազմական հանցագործություններն են, մարդկայության դեմ ուղղված հանցագործություններ: «Միջազգայինորեն հաստատված փաստ է, որ կան Արցախի դեմ զինված հարձակումների մասնակցող ահաբեկիչներ և ջիհադիստներ, նրանք կատարում են պատերազմական հանցագործություններ և դաժանություններ, պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում»,-ասաց նա:










