«Դա վրդովեցուցիչ է, ԱՄՆ քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները խլելու բացահայտ փորձ»․ Բայդենի նախընտրական շտաբը մեկնաբանել են Թրամփի՝ վերընտրվելու մասին հայտարարությունները

14:39 • 04.11.20

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում մեկնաբանել են գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին հայտարարությունները, գրում է Associated press-ը։

Քվեարկության արդյունքների ամփոփումը չի դադարի, հակառակ պետության գործող ղեկավարի կոչերին, հայտնել է Բայդենի նախընտրական արշավի ղեկավար Ջեն Օ'Մելլի-Դիլոնը:

«Հաշվարկը շարունակվելու է, քանի դեռ յուրաքանչյուր ձայն չի հաշվարկվել։ Թրամփի հայտարարությունները վրդովեցուցիչ են, քանի որ դա ԱՄՆ քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները խլելու բացահայտ փորձ է։ Սա աննախադեպ երևույթ է, քանի որ մեր պատմության մեջ երբեք ԱՄՆ նախագահը չի փորձել ամերիկացուն զրկել համազգային ընտրություններում ձայնի իրավունքից»,-ասել է նա:

Նա նաև ընդգծել է, որ ընտրությունների ելքը պետք է որոշեն ոչ թե Թրամփը կամ Բայդենը, այլ ամերիկացիները։

«Ժողովրդավարական գործընթացը պետք է և կշարունակվի մինչև վերջ։ Եթե նախագահը քվեների պատշաճ հաշվառմանը խանգարելու համար կյանքի կոչի դատարան դիմելու իր սպառնալիքը, մենք ունենք իրավաբանների թիմեր, որնք կդիմակայեն այդ ջանքերին: Եվ նրանք կհաղթեն»,- հավելել է Ջեն Օ'Մելլի-Դիլոնը:

Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որ կարող է ևս մի քանի օր տևել։

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։

The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 238, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:

Հիշեցմնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհիմն հայտարարություն է արել այն մասին, որ նախագահական ընտրություններում կեղծիքներ են եղել և սա այն դեպքում, որ երկրում դեռևս շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը:

«Սա կեղծիք է ամերիկյան հասարակության նկատմամբ։ Սա խայտառակություն է մեր երկրի համար»,- հայտարարել է նախագահը Սպիտակ տանը։ 

«Պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում։ Եթե անկեղծ՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում»,- հավելել է Թրամփը։

Աղբյուրը մանրամասնում է, որ գործող նախագահը այս պահի դրությամբ դեռևս չի վերընտրվել, սակայն նա խոստացել է քվեարկության արդյունքների հարցով երկրի Գերագույն դատարան դիմել։

«ԱՄՆ Գերագույն դատարան ենք դիմելու։ Ցանկանում ենք, որ բոլոր քվեարկություններն ավարտվեն»,- նշել է նախագահը։

Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որ կարող է ևս մի քանի օր տևել։