Այս իրավիճակում ազգաբնակչությունը պետք է պատասխանատվություն ունենա և դիմակ կրի․ դրսում ամեն երկրորդը դիմակ չի կրում. բժիշկ
ՀՀ Առողջապահության նախարարության նոյեմբերի 4-ին հաղորդած տեղեկության համաձայն՝ երեկվա դրությամբ իրականացվել է կորոնավիրուսի ախտորոշման 4565 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 2374 նոր դեպք, մեկ օրում առողջացել են 1212-ը, գրանցվել է կորոնավիրուսից մահվան 35 նոր դեպք, ևս 6 դեպք, երբ պացիենտը վարակված է եղել կորոնավիրուսով, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Վերջին շրջանում կորոնավիրուսի հիվանդության տարածման և մահվան դեպքերի աճի վերաբերյալ Tert.am-ը զրուցել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանի հետ: Ըստ նրա՝ պատերազմի սկսվելուց հետո վարակի նկատմամբ վերահսկողությունը թուլացել է, ինչն էլ պատճառ դարձել դրա էլ ավելի տարածման համար․ «Պատերազմի սկսվելուց հետո առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի նկատմամբ անտարբերություն ցուցաբերեց: Օրինակ, նախկինում այգիներում, փողոցներում շատ էին ոստիկանները, իհարկե, լավ չէ, որ տուգանում էին, բայց ժողովրդին զգաստ էր պահում, և քաղաքացիները մեծ մասը դիմակ էին կրում, իսկ հիմա շատ քչերն են դիմակ կրում, վերահսկողությունը թուլացել է: Սակայն նման պարագայում, ազգաբնակչությունը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի դիմակը կրելու համար, դրսում ամեն երկրորդը դիմակ չի կրում, հաճախ հոգեհանգստի և այլ միջոցառումների ժամանակ մեծ մասը դիմակով չեն»:
Բժշկի խոսքով՝ յուրաքանչյուրը վարակից խուսափելու համար պետք է հնարավորինս սահմանափակի շփումները․ «Որքան էլ նշվում է, որ տարեցները և քրոնիկ հիվանդութուն ունեցող անձինք պետք է մեկուսացվեն, այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ նրանք չեն կարող ամիսներ շարունակ տանը կալանավորված մնալ, դրա համար շատ կարևոր է, որ խոցելի խմբում գտնվող անձիք պահպանեն բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները»,- նշել է նա և հավելել, որ առանձնահատուկ խստությամբ պետք է ստուգվեն պատերազմ մեկնող անձինք, որպեսզի վարակը չտարածվի առաջնագծում։
«Բազմիցս նշել եմ, որ Առողջապահության նախարարությունը վարակի տարածման ամենասկզբում պետք է քայլեր ձեռնարկեր, սակայն սկսեցին միջոցառումներ կազմակերպել, որոնք շատ ուշացած և անարդյունավետ էին և այսօր ունենք այս իրավիճակը: Այս իրավիճակում կարևոր է, որ քաղաքացին կրի դիմակ, հնարավորինս պահպանի սոցիալական հեռավորությունը, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,- ընդգծեց նա:










