Ադրբեջանցին ահազանգել է մահացածների ընտանիքների անդամների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին

15:19 • 04.11.20

Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատեր Շահին Յուսուբովն ահազանգել է Արցախի դեմ պատերազմում մահացածների ընտանիքների նկատմամբ երկրում վատ վերաբերմունքի մասին ՝ մասնավորապես նշելով, որ զոհերի ընտանիքի անդամներին չեն ցուցաբերում համապատասխան վերաբերմունք և չեն հարգում նրանց վիշտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա պատմել է, որ պատերազմի ընթացքում Յասամալ շրջանից մահացած իր ընկերներից Իսլամով Էլվին Էլչինօղլուի մոր ինքնազգացողությունը վատացել է, և շտապ օգնություն են կանչել:

«Մասնավոր կլինիկայի բոլոր մեքենաների զբաղված լինելու պատճառով 2-3 ժամ սպասելուց հետո դիմեցինք Կենտրոնական կլինիկա: Մենք հեռախոսը վերցրած օպերատորին բացատրեցինք իրավիճակը: Նա ոչ ցավակցեց, ոչ էլ ասաց Աստված հոգին լուսավորի: Առաջին խոսքն այն էր, որ, ինչպես գիտեք, մեզ վճարելու եք 100 մանաթ, եթե ուզում եք գրանցենք ձեր կանչը: Ուղարկեցին, ժամանակին եկավ, նորից առանց ցավակցական որևէ խոսքի, հարցրին, թե ով է վճարումը կատարելու: Մի սենյակում 5 հոգի մնացած զոհվածի ընտանիքը պետք է մեռնի, ինչ է թե գումար չունի՞» ,- գրել է Յուսուբովը:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ողջ ընթացքում ադրբեջանական կողմը չի հրապարակել զոհվածների թվի մասին որևէ տեղեկություն: 

Ըստ հայկական կողմերի հրապարակած տվյալների, Ադրբեջանի բանակն ունի 7155 կորուստ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։