«Ֆրանսիայի համար առավել նախընտրելի կլինի, եթե ԱՄՆ նախագահ վերընտրվի Թրամփը». Լը Պեն
Ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը հայտարարել է, որ Ֆրանսիայի համար առավել նախընտրելի կլինի, եթե Դոնալդ Թարմփը վերընտրվի նախագահական ընտրություններում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Հարց, որն ինձ հետաքրքրում է․ Ֆրանսիայի, նրա շահերի համար ավելի լավ է Դոնալդ Թրամփի՞ վերընտրումը, թե՞ Ջո Բայդենի հաղթանակը։ Կարծում եմ՝ Ֆրանսիայի համար ավելի լավ է Դոնալդ Թրամփի ընտրվելը, քանի որ Թրամփ ասելով՝ հասկանում ենք ազգերի վերադարձ, վայրի գլոբալիազացիայի դադարեցում, կարգավորումների թուլացում, սահմանների վերացում, որը, կարծում եմ, վնասում է ազգերին»,- նշել է նա CNews հեռուստաալիքի եթերում։
Լե Պենը նշել է, որ խոսքը ինչպես պետությունների ֆիզիկական սահմանների, այնպես էլ առևտրային սահմանների վերացման մասին է։ Ըստ պաշտոնյայի՝ սահմանների ֆիզիկական վերացումը խչընդոտում է միգրացիայի դեմ պայքարին, իսկ առևտրային սահմանների վերացումն անհնարին է դարձնում անարդար մրցակցության դեմ պայքարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի էին ունեցել նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Մինչև այժմ հայտնի է, որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։
The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 238, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:










