Արցախից Հայաստան ապօրինի զենք, զինամթերք բերելու վերաբերյալ ՔԿ-ում 9 քրգործ կա. որպես կանոն, խնդիրը պահեստազորայինների հետ է կապված. ՔԿ նախագահի տեղակալ

14:31 • 04.11.20

Վարձկանների հետ կապված՝ Քննչական կոմիտեում քննվող գործի նշանակությունը շատ-շատ մեծ է՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Այս գործով ձեռք բերված ապացույցները նախաքննության միջանկյալ և ավարտական փուլերում կօգտագործվեն, իմ կարծիքով, ինչպես քաղաքական դաշտում քննարկումների ժամանակ, այնպես էլ իրավական հարթակներում: Մի քիչ ժամանակ է պետք, սպասենք և կտեսնեք՝ ինչ ապացույցներով, ինչ փաստական հանգամանքներ են հիմնավորվում»,- նշեց նա:

Արթուր Մելիքյանը հայտնեց, որ քրեական գործի շրջանակում այս պահին համագործակցում են ԱԱԾ-ի և ԶՈւ-ի հետ. «Ես չեմ բացառում, որ վաղը որևէ երկիր քննչական պահանջ կուղարկենք: Այս պահի դրությամբ դեռ այլ պետությունների հետ չենք աշխատում, բայց իհարկե նախատեսում ենք»:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ ՔԿ-ում քննվող քրեական գործով ներգրավված է 2 վարձկան ահաբեկիչ:

Tert.am-ի հարցին, թե դասալքությունների և դավաճանությունների հետ կապված դեպքերին որքանով են առնչվում քննիչները, ՔԿ նախագահ տեղակալը պատասխանեց. «Դավաճանությունով մեր վարույթում գործ չկա: ԱԱԾ-ի քննչական ստորաբաժանման վարույթում գործ կա: Իսկ դասալքության հետ կապված՝ կան որոշակի խնդիրներ, բայց որ ասեմ մասշտաբային է, ահագնացող է, որ բանակը կազմալուծվում է դրանից՝ ոչ: Ընդ որում, բանակի մասին չէ խոսքը, ավելի շատ պահեստազորի մասին է»:

Նրա խոսքով՝ կոմիտեում քննվում է նաև Արցախից Հայաստան ապօրինի զենք, զինամթերք բերելու վերաբերյալ 9 քրեական գործ. «Երեկվա դրությամբ 9 քրեական գործ կար, որպես կանոն, պահեստազորայինների հետ է կապված խնդիրը: Որևէ լուրջ պատճառաբանություն չկա (թե ինչու են զենք, զինամթերք բերում Հայաստան – Tert.am)»,- ասաց նա:

Արթուր Մելիքյանի տեղեկացմամբ՝ մոտ 180 քննիչներ կամավորագրվել են՝ Արցախ մեկնելու համար:

«Հենց առաջին վաշտի հետ պարոն Գրիգորյանը մեկնել է: Ինքն է անձամբ ղեկավարում կոմիտեի կամավորների աշխատանքները: Մեկ այլ վաշտ էլ այս շաբաթ կմեկնի»,- նշեց նա:

ՔԿ նախագահի տեղակալը վստահեցնում է՝ կամավորականների Արցախ մեկնելը Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու համար խոչընդոտ չէ:

«Ստեղծված իրավիճակում մենք ամբողջական աշխատանքները կարգավորում ենք: Իհարկե, կան կամավորագրված քննիչներ, որոնց թույլ չենք տալիս մեկնել, որովհետև դատավարական առումով հրատապություն պահանջող գործառույթներ կան անելու: Կկատարեն, հետո կմեկնեն»,- ասաց Արթուր Մելիքյանը: