Ադրբեջանը երբեք իրապես պատրաստ չի եղել փոխզիջումների․ քաղաքագետ (տեսանյութ)

20:20 • 04.11.20

Ադրբեջանը երբեք իրապես պատրաստ չի եղել փոխզիջումների ավելին՝ Քիվեսթի տապալումը առնչվում է Իլհամ Ալիևի հետ, նա է հորը համոզել, որ ոչինչ մի զիջի, մեր ընտանիքի վրա մի դիր խարան և ժամանակը կգա մենք ռազմական ճանապարհով հարցը կլուծենք. այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում` «Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:

«Երբեմն մոռանում ենք, որ հայատյացության այս աստիճան կուլտիվացիան Իլհամ Ալիևի ձեռքի գործն է: Եկեք հիշենք իր իշխանության ժամանակ Ռամիլ Սաֆարովի դեպքը, Ադրբեջան բոլոր էթնիկ հայերի մուտքի արգելքը, նախկինում Ռուսաստանի անձնագրով հայերը գնում էին Բաքու, ինչպես նաև կոնֆլիկտի վիրտուալ սահմանների ընդարձակումը մինչև ՀՀ տարածք: Հայտնի է, նույնիսկ, որ Իլհամ Ալիևը հրահանգել է 2005 թվականին, որ իրենց գիտությունների ակադեմիայի պատմության ներկայացուցիչներն ապացուցեն, որ Հայաստանի Հանրապետությունն էլ է Ադրբեջանի տարածք»,- նշեց նա:

Քաղաքագետի կարծիքով՝ վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով ակնհայտ էր, որ պատերազմ լինելու էր, սակայն պետք է հասկանալ, թե ինչու սկսվեց հիմա:

«Հիմնական բանաձևն այն է, որ դիմացինդ պատերազմ սկսում է այն ժամանակ երբ, իր ընկալմամբ, ինքը հզորության բարձրակետին է, իսկ դու առավելագույն թուլացման կետում ես: Մենք 1992 թվականի ձմռանը ծանր վիճակում էինք և կա Ադրբեջանի պաշտպանության նախարարի վկայությանը, որ 1993 թվականին հրաման է տվել Մարտակերտի ճակատում անցնել հարձակման, այն դեպքում, երբ իրենց զորքերը լրիվ համալրված չի եղել, պատճառաբանելով՝ քանի որ 1992-ին Հայաստանում ծանր վիճակ էր, կարծում էի կհաջողեինք պատերազմում: Նրանք Հայաստանին այս պահին ընկալել  են թույլ: Եվ հիմա, հետահայաց նայելով, ինձ թվում է՝ այս որոշումը մեկ տարուց ավել այնտեղ կայացված է եղել»,- ընդգծեց քաղաքագետը:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը  հարձակում կսկսեր, եթե չլիներ Թուրքիայի ամբողջական աջակցությունը, նշեց որ Թուրքիայի աջակցությունը եղել է հավելյալ գործոն պատերազմի նախանշված ծրագրով հաջողության հասնելու համար:

Նրա խոսքով՝ նախկինում ևս եղել են նման փորձեր, ըստ էության Թուրքիան 1993 թվականից ուղիղ մասնակցում է այս կռվին՝ առնվազը միակողմանիորեն փակելով Հայաստանի հետ սահմանը, որը բոլոր իրավական կարգավորումներով համարվում է պատերազմական մեխանիզմ:

«Պատահական չէ, որ ընտրվել է այս ժամանակահատվածը, այս մեթոդաբանությունը և գործընթացը, որ ընթանում է Արցախի ռազմաճակատի գծով, ըստ էության, տրամաբանության շարունակությունն է այս տարածաշրջանում տեղի ունեցող երևույթների: 2010 թվականից հետո այս տարածաշրջանում տեղի ունեցածը մեզ համար պետք է լիներ առաջին ազդանշաններից մեկը, որ ստեղծվում է մի միջավայր, որ Ադրբեջանի և Թուրքիայի հավակնությունները լայն միջավայր են ստանում գործելու համար: Ադրբեջանում Ղարաբաղի հարցը հանդիսանում է «սակրալ»  մի բան, հետևաբար՝ որքան իշխանությունն այդ սակրալությունը սնուցում է, այդքան գալիս է մի պահ, որ պետք է պայքարել այդ սրբազան հաջողությանը հասնելու: Ամբողջ 30 տարիների ընթացքում տեսել ենք դրա աստիճանական նախապատրաստությունը, եթե անգամ ռազմաքաղաքական ղեկավարությունը չցանկանա, պատերազմը պետք է այնտեղ հասարակական մոբիլիզացիան ապահովելու համար»,- նշեց թուրքագետը: