«Ռուսաստանն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում հնարավորինս շուտ ավարտվի». Պուտին
Ռուսաստանն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում հնարավորինս շուտ ավարտվի: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
«Գիտեք, Ռուսաստանն անում է ամենն, ինչ մեզանից կախված է, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում ավարտվի հնարավորինս արագ, որպեսզի պահպանվեն մարդկային կյանքերը, որոնք կանգնած են իրար դեմ դիմաց, և ցավալիորեն միմյանց տեսնում են ավտոմատների և հրացանների նշանառության միջով և զենք են օգտագործում միմյանց դեմ»,- ասել է ՌԴ նախագահը:
Վերջինս վստահություն է հայտնել, որ հակամարտող կողմերն իրենց նպատակներին կարող են հասնել խաղաղ բանակցային գործընթացի միջոցով:
«Ամեն դեպքում մենք կապի մեջ ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել, այն էլ այնպիսի հիմքով, որը շահեկան կլինի տարածաշրջանում բնակվող բոլոր մարդկանց համար»,- եզրափակել է Պուտինը՝ շեշտելով, որ դրան կարելի է հասնել խաղաղ ճանապարհով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










