ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացության ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

13:10 • 04.11.20

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հետևանքով մահացել է 389 մարդ, ինչն առ այսօր գրանցված մեկ օրվա կտրվածքով մահացության առավելագույն ցուցանիշն է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով COVID-19-ի տարածման դեմ պայքարի շտաբին։

Սա երկրում համաճարակի բռնկումից ի վեր գրանցված առավելագույն ցուցանիշն է։ Նախորդ հակառեկորդը գրանցվել է հոկտեմբերի 29-ին, երբ հաղորդվել էր 366 մարդու մահվան մասին։

Ընդհանուր առմամբ՝ վերջին մեկ օրում երկրի 85 շրջանում գրանցվել է COVID-19-ի ախտորոշման 19 768 նոր դեպք, ինչը նույնպես ռեկորդային է։ Հիվանդացության մակարդակի նախորդ ռեկորդային ցուցանիշը գրանցվել էր նոյեմբերի 1-ին՝ վարակվելու 18 665 դեպքով։

ՌԴ-ում համավարակի բռնկումից ի վեր COVID-19-ով վարակվել է 1 693 454 մարդ, որից ավելի քան 1,26 միլիոնն արդեն առողջացել են։ Հիվանդության հետևանքով մահացել է 29 217 մարդ։

Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 47 894 604 դեպք, 1 221 340-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 34 386 119 մարդ