«Թեհրանի համար կարևոր չէ՝ ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում». Ռոհանի

14:19 • 04.11.20

Թեհրանին հետաքրքրում է ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը, այլ ոչ թե ընտրությունների հաղթողը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստի ժամանակ:

«Թեհրանի համար կարևոր է ամերիկյան հաջորդ վարչակազմի քաղաքականությունը, այլ ոչ թե այն, թե ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում: Մենք ցանկանում ենք, որ մեզ հարգեն, այլ ոչ թե պատժամիջոցների ենթարկեն»,-Ռոհանիի խոսքը մեջբերում է reuters.com-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհիմն հայտարարություն է արել այն մասին, որ նախագահական ընտրություններում կեղծիքներ են եղել և սա այն դեպքում, որ երկրում դեռևս շարունակվում է քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը:

«Սա կեղծիք է ամերիկյան հասարակության նկատմամբ։ Սա խայտառակություն է մեր երկրի համար»,- հայտարարել է նախագահը Սպիտակ տանը։ 

«Պատրաստվում էինք հաղթել այս ընտրություններում։ Եթե անկեղծ՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում»,- հավելել է Թրամփը։
Աղբյուրը մանրամասնում է, որ գործող նախագահը այս պահի դրությամբ դեռևս չի վերընտրվել, սակայն նա խոստացել է քվեարկության արդյունքների հարցով երկրի Գերագույն դատարան դիմել։

«ԱՄՆ Գերագույն դատարան ենք դիմելու։ Ցանկանում ենք, որ բոլոր քվեարկություններն ավարտվեն»,- նշել է նախագահը։

Հայտնի է, որ հիմնական նահանգներում շարունակվում է արդյունքների հաշվարկման գործընթացը, որ կարող է ևս մի քանի օր տևել։

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65,083,919)։

The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 238, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն: