Սլովակիայի խորհրդարանը ԼՂ հակամարտության հետ կապված բանաձև է ընդունել
Սլովակիայի Հանրապետության խորհրդարանը բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, որով վերահաստատում է, որ այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Համազասպ Դանիելյանը:
«Սլովակիայի Հանրապետության խորհրդարանում ընդունվեց բանաձև՝ ԼՂ հակամարտության հետ կապված, որտեղ վերահաստատվում են ՄԽ համանախագահների դիրքորոշումները առ այն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, վերահաստատում են երեք հիմնական սկզբունքները՝ ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը և ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը»,- նշել է պատգամավորը:
Դանիելյանը հավելել է, որ, թե՛ հայ դիվանագետների, թե՛ Սլովակիայում ապրող հայերի և Հայաստանի բարեկամների ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել չեզոքացնել Ադրբեջանի ոչ կառուցողական ու անհավասարակշիռ մոտեցումների արտացոլումը այս բանաձևում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










