ՀՀ-ԵՄ համագործակցությունն այս տարի օբյեկտիվ պատճառներով այդքան էլ հարուստ չի եղել. Ավետ Ադոնց
ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում տեղի ունեցած զարգացումներն այս տարի, նախորդ տարիների համեմատ, օբյեկտիվ պատճառներով այդքան էլ հարուստ չեն եղել, պատճառը կորոնավիրուսն էր: Այս մասին այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:
Նա շնորհակալության հայտնեց ԵՄ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրամադրած աջակցության համար և նշեց, որ տրամադրվել է 90-ից ավելի միլիոն եվրո աջակցություն: «Եվրամիության օրակարգը հարուստ է, բայց այս տարի օբյեկտիվ պայմաններից ելնելով դինամիկան ցածր է և աղքատիկ»,-ասաց նա:
Անդրադառնալով Արցախում տեղի ունեցող զարգացումներին՝ Ավետ Ադոնցն ասաց, որ եվրոպական գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ են և աշխատում են մի քանի ուղղությամբ, այդ թվում՝ Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ։
«Մնացած ուղղությունները վերաբերում են հիմնականում սանկցիաներին և հումանիտար օգնությանը, որ այն լինի հասցեագրված և վերաբերի տեղահանված հայրենակիցներին, որոնց թիվը բավական շատ է»,- ասաց նա:
Ավետ Ադոնցը նաև նշեց, որ շուտով փաստաթղթի ձևով կվերջնականացվի այն գնահատականը, որը կօգնի այդ մարդասիրական օգնությունը դարձնել ավելի հասցեական և կարևորը՝ ինստիտուցիոնալ, ոչ թե դա լինի ուտելիքի և տաք շորի տեսքով:
Անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին, նա ասաց.«Վիզաների ազատականացման շարժ ունենք, բայց այն կրում է վիրտուալ բնույթ, մենք գրեթե ավարտել ենք այն պլանների իրականացումը, որը նախաձեռնել էինք: Խնդրահարույց երկրների հետ չստացվեց վերջնականացնել այս հարցի քննարկումները, որն ընթանում էր դինամիկ և պոզիտիվ հունով, սակայն չստացվեց ավարտել՝ հաշվի առնելով թե՛ պանդեմիան, թե՛ արդեն պատերազմը»:










