«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամների և Պետդումայի քաղաքական ուժերի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ, Մոսկվայում հանդիպումներ է ունեցել ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա » կուսակցության ղեկավար կազմի և ՌԴ Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավար կազմերի հետ:
ԲՀԿ երկարամյա գործընկեր «Եդինայա Ռոսիա » կուսակցության ղեկավար կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է Արցախում և Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը:
Ռազմավարական գործընկերների ինչպես նաև այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության և Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելու հարցը:
«Բարգավաճ Հաաստան» կուսակցության ներկայացուցիչները փոխանցել են Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն այն մասին, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ և բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցութունը բարձր է գնահատում ռազմավարական գործընկեր ՌԴ Պետդումայի գործընկերների հետ մի քանի օր շարունակվող կառուցողական և արդյունավետ քնարկումները և շնորհակալություն է հայտնում բարձր մակարդակով անցկացված հանդիպումների համար: Հուսով ենք, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման գործում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










