Եվրոպայում իրավապահները երեխաների առևտրի դեմ պայքարի լայնամասշտաբ գործողություն են իրականացրել․ ձերբակալվել է մի քանի հարյուր հանցագործ

17:18 • 05.11.20

Մի քանի եվրոպական երկրների իրավապահ մարմինները երեխաների առևտրի դեմ պայքարի խոշոր համակարգված գործողություն են իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել են մի քանի հարյուր հանցագործներ։

Ինչպես հայտնել է Եվրապոլի մամուլի ծառայությունը, այդ գործողությունն իրականացվել է Եվրոպական սահմանապահ ծառայության և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) աջակցությամբ՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-11-ը:

Նշվում է, որ գործողություններին մասնակցել են 12 երկրների՝ Ավստրիայի, Բելգիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Գերմանիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի ուժային գերատեսչությունները։

Ստուգվել է 59 071 մարդ, 1529 անցակետ, 15 923 ավտոմեքենա, 39 860 փաստաթուղթ։

Իրավապահները ձերբակալել են 388 հանցագործ, հայտնաբերել են 19 լրացուցիչ կասկածյալ և թրաֆիքինգի 249 հնարավոր զոհ, որոնցից 61-ն՝ անչափահաս, իսկ 107-ի տարիքը դեռ հայտնի չէ: Այդ միջոցառումների արդյունքում 40 նոր հետաքննություն է սկսվել։