Թուրքիայից Հունաստան են ժամանել Էրդողանի ռեժիմի տասնյակ հալածյալներ, այդ թվում՝ ոստիկաններ և պատգամավոր. նրանք ապաստան են խնդրում

16:14 • 05.11.20

Հունաստանի նավահանգստային իշխանությունների կողմից մանրամասն ստուգվել են երեքշաբթի` նոյեմբերի 3-ին «Նեմո» ձկնորսական նավով Թուրքիայից Արևմտյան Հունաստանի Իլիա կղզու Կատակոլո քաղաք ժամանած ապաստան հայցողները, որոնց մեջ թուրքեր և քրդեր են եղել: Այս մասին տեղեկացնում է Greek City Times-ը` հղում տալով ilialive.gr կայքին:

Մասնավորապես, նավում են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի կողմից հետապնդվող մարդիկ, այդ թվում ՝ թուրք ոստիկաններ, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամներ, ակադեմիկոսներ, խորհրդարանի անդամ և լրագրող:

Ապաստան հայցող 65 ուղևորների թվում են եղել նաև Թուրքիայի ոստիկանության 20 աշխատակից, որոնք մեղադրվում են Թուրքիայի նախագահի քաղաքական և գաղափարական հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներ լինելու համար:

Թուրքական ոստիկանության սպաների թվում եղել է նաև ՔԱԿ-ի 10 անդամ:

Նրանք բոլորն Աֆղանստանից և Իրաքից դուրս եկած ապօրինի ներգաղթյալների հետ ցանկանում էին փախչել Իտալիա:

Կատակոլուի նավահանգստի ադիմինիստրատոր Դիմիտրիս Պապայիլյուն, որը տիրապետում է թուրքերենին, զրուցել է ուղևորների հետ և հասկացել՝ ինչ են նրանք ուզում:

Նավի վրա գտնվող ներգաղթյալների մեծ մասը խուսափել է տեսախցիկից և լրագրողներին խնդրել չնկարահանել իրենց:

Ապաստան հայցող թուրք ոստիկաններից մեկը բացահայտել է իր ինքնությունը:

«Մենք Թուրքիայից ենք և ոստիկանության աշխատակիցներ ենք եղել», - ասել է նա ՝ ցույց տալով բջջային հեռախոսում իր լուսանկարը  համազգեստով ՝ փորձելով ապացուցել, որ ճշմարտությունն է ասում:

«Մենք պետք է այստեղից գնանք»,-հուսահատորեն ասել է նախկին ոստիկանը:

Քուրդ լրագրող Ազադը Էրդողանի ռեժիմի կողմից հետապնդվել  և 3 տարով բանտարկվել է, ինչպես իր շատ ազգակիցներ:

«Բանտը դաժան էր: Թուրքիայի իշխանությունները ոչ մի ընդհանուր բան չունեն հունական իշխանությունների հետ: Ես ուզում եմ մեկնել ցանկացած երկիր, որտեղ կարող եմ շփվել անգլերեն, որպեսզի կարողանամ շարունակել իմ կյանքը »,-ասել է նա:

«Երանի կարողանայի հասնել Կանադա, բայց չեմ կարող: Ես իմ  մարդկանց թողել եմ և գիտեմ, որ չեմ կարող վերադառնալ նրանց տեսնելու: Ես չեմ կարող մնալ Թուրքիայում: Եթե ես մնամ, ես նորից կհայտնվեմ բանտում», - բացատրել է Ազադը:

Ազադը զրույցի ընթացքում նշել է, որ նավի 65 ուղևորների մեջ կա քուրդ պատգամավոր, որը, սակայն, խուսափում է նույնիսկ պարզ խոսակցությունից ՝ վախենալով իրեն սպասվող ճակատագրից: