Աթենքը կրկնել է Թուրքիային գերմանական զենքի մատակարարման արգելքի վերաբերյալ կոչը
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, չորեքշաբթի օրը Բեռլին կատարած այցի շրջանակում քննարկելով Միջերկրական ծովի արևելքում առկա անկայուն իրավիճակը, կրկնել է Թուրքիային գերմանական զենք վաճառելու արգելքի մասին Հունաստանի խնդրանքը: Այս մասին գրում է ekathimerini.com կայքը:
Դենդիասը բարձրացրել է գերմանական նախագծով Type 214 սուզանավերի հարցը, որոնք ներկայումս կառուցվում են Թուրքիայի համար և, անկասկած, կօգտագործվեն Միջերկրական ծովի արևելքում ուժերի հավասարակշռությունը խախտելու համար:
Սա, նրա խոսքով, կարող է սպառնալ «ԵՄ անդամ այնպիսի երկրների, ինչպիսիք են Կիպրոսը և Հունաստանը, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, կսպառնա կայունությանը տարածաշրջանում»:
Նա նաև մատնանշել է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Կովկասում և Կիպրոսի շրջակայքում և Կաստելորիզոյից և Հունաստանի այլ կղզիներից հարավ գտնվող տարածքներում Թուրքիայի հանցավոր վարքի հետևանքները:
«Այն երկիրը, որը հրաժարվում է բանակցությունների սեղանի շուրջ նստել և լուծել մեր վեճերը ծովային գոտիների վերաբերյալ միջազգային օրենսդրության համաձայն, նույն իրավախախտ երկիրն է` Թուրքիան»,-ասել է Հունաստանի արտգործնախարարը` անդրադառնալով նաև Թուրքիայի կողմից ջիհադականների` Սիրիայից դեպի Լիբիա, ապա Լիբիայից դեպի Կովկաս (Լեռնային Ղարաբաղ) տեղափոխելու վտանգներին:










