Քանի դեռ կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը ռազմադաշտում է. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

16:09 • 05.11.20

Երբ պատերազմ է ընթանում, ինձ թվում է՝ մենք պետք է կենտրոնանանք մի բանի վրա՝ հաղթանակ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս պահին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն ինչպե՞ս է գնահատում, և այս պահի դրությամբ արդեն միջազգային հանրության արձագանքն արդյո՞ք պատշաճ է:

«Իհարկե, աշխատանքը պետք է, կատարվում է, կկատարվի հաղթանակից հետո, որովհետև նաև բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարվել, բայց այսօր համար մեկ խնդիրը համախմբված հաղթանակի հասնելն է»,- նշեց Քոչարյանը:

Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Արցախի հարցն այս փուլում դիվանագիտական լուծում չունի, և հարցին՝ այս պահին ի՞նչ կարող է ասել, Քոչարյանն արձագանքեց՝ երբ է եղել, որ պատերազմի ժամանակ որևէ հարցի դիվանագիտական լուծում է եղել: «Ակնհայտ է. քանի կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը ռազմադաշտում է»,-ասաց նա:

Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումից հետո ՌԴ հետ աշխատանքներն ի՞նչ մակարդակի են, ի՞նչ խորհրդակցությունների մասին են խոսում իշխանական պատգամավորները, ԱԳ փոխնախարարն արձագանքեց, թե պատերազմի ժամանակ անվտանգությանը վերաբերող խորհրդակցությունների մասին չի կարող տեղեկություն տալ:

«Դիմումը եղել է, կարդացեք համաձայնագրի երկրորդ հոդվածը, որն ասում է՝ պետք է սկսվեն կոնսուլտացիաներ, և կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն: Դրանից ավել ես չեմ կարող ասել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ինչ-որ պետք է պատերազմի ժամանակ, արվում է:

Հարցին էլ՝ որն է հաղթանակը, Քոչարյանը պատասխանեց. «Հաղթանակն այն է, որ հակառակորդը պարտվում է»: