Խնդրի լուծումը հիմնականում ռազմադաշտում մեր հաջողություններից է կախված. ես կարծում եմ, որ բոլորս զգում ենք, որ մոտակա ժամանակում լինելու է բեկում. Շ. Քոչարյան (տեսանյութ)
Պետությունների շահերը մնայուն են, դա վերաբերում է և՛ մեր տարածաշրջանի պետություններին, և՛ մեր դաշնակիցներին և մեր հակառակորդներին, ուղղակի նմանատիպ իրավիճակում այդ շահերը կարող են խմբագրվել՝ ելնելով առկա իրավիճակից: Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Իրականում խնդրի լուծումը հիմնականում ռազմադաշտում է, դա ճշմարտություն է, որը բոլորիս համար պետք է ակնհայտ լինի: Կախված մեր հաջողություններից՝ ես կարծում եմ, որ բոլորս զգում ենք, որ լինելու է մոտակա ժամանակ բեկում, էապես փոխվում է ամեն ինչ: Ակնհայտ է, որ հույսը դնել, որ քո փոխարեն ուրիշը կռվելու է քո հողի համար, դա ուղղակի կործանարար է նրանց համար, ովքեր այդպես են մտածում, առաջին հերթին մենք պետք է պահենք մեր հողը, և գոյատևման համար մենք պայքարենք, այլ բան, որ մենք պետք է ձգտենք և այդ ուղղությամբ աշխատանք տարվում է, որ առավելագույն աջակցություն ստանանք՝ թե մեր հարևաններից, թե մեր դաշնակիցներից»,-ասաց նա և նշեց, որ այս ընթացքում կանոնավոր աշխատանքը շարունակվել է եվրասիական ուղղությամբ, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, հարևան պետությունների՝ Վրաստանի, Իրանի հետ:
«Այս իրավիճակը չի կարող չանհանգստացնել հարևաններին, չի կարող Իրանին անհանգստացնել, որ ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի մոտ, իրենք այդ մասին բացահայտ խոսում են և ստիպված նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այդ վտանգը հստակ զգում է Ռուսաստանի դաշնության համար, քանի որ այդ վտանգը փաստացի մոտենում է Հյուսիսային Կովկասին և ընդհանուր առմամբ ամբողջ ԱՊՀ տարածքին: Այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որը մտահոգում, անհանգստացնում է այն պետություններին, որոնց հետ ունենք համագործակցություն»,-ասաց նա:










