«ԱՄՆ պատմության մեջ ամենաանկանխատեսելի ընտրություները»․ Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների արձագանքն ԱՄՆ նախագահական ընտրություններն
ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքն ու արդյունքները մնում են ամբողջ աշխարհի ԶԼՄ-ների գլխավոր թեման: Քվեարկության վերջնական արդյունքները դեռ չեն հայտարարվել, մինչդեռ պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է իր հաղթանակի մասին՝ նշելով, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը», ինչպես նաև հայտարարել է Գերագույն դատարան դիմելու պատրաստակամության մասին՝ քվեարկության արդյունքները վերանայելու համար։ «ՌԻԱ Նավոստին» ներկայացնում է ԱՄՆ ընտրությունների վերաբերյալ արտասահմանյան ԶԼՄ-ներում առկա տրամադրությունները, նրանց կանխատեսումները և գնահատականները։
Սահմանադրական ճգնաժամ
Գործող նախագահ Թրամփի հայտարարություններն առաջացրել են փորձագետների, քաղաքական գործիչների և ԶԼՄ-ների մտահոգությունը։
«Թրամփի արտահայտությունները իրարանցում են առաջացրել ոչ միայն դեմոկրատների շրջանում․ ամբողջ աշխարհն այժմ ակնդետ հետևում է Միացյալ Նահանգներին»,-գրում է գերմանական Bild-ը:
Բրիտանական Times թերթն ընդգծում է, որ Թրամփի՝ կեղծիքների մասին մեղադրանքներն «անհիմն» են։ Իսկ բրիտանական Guardian-ը, ինչպես և Independent-ը, իրենց վերնագրերում զետեղել են կոնգրեսական և դեմոկրատ Ալեքսանդրիա Օկասիո Կորտեսի խոսքերն այն մասին, որ «հաղթանակի մասին վաղաժամ հայտարարությունները ոչ լեգիտիմ, վտանգավոր և ավտորիտար են»: Independent-ը նաև նշել է, որ իր խոսքերով Թրամփը «հաստատել է ընդդիմադիրների վատթարագույն մտավախությունները և սպառնալիք է ստեղծել երկիրը սահմանադրական ճգնաժամի մեջ ներքաշելու համար»։
Գերմանական Spiegel-ի կարծիքով՝ նախագահի պնդումները «պաշտոնապես կասկածի տակ են դնում ժողովրդավարական գործընթացը»։
«Ինչ վերաբերում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ապա նրանք արդեն պարտվել են»,-եզրափակել է պարբերականը։
Արագ հաղթանակի փոխարեն համառ պայքար
Բրիտանական Telegraph-ը 2020 թվականի նախագահական ընտրություններն անվանել է «ամերիկյան պատմության մեջ ամենաանկանխատեսելին»՝ նշելով, որ երբ ընտրատեղամասերը սկսել են փակվել, «Բայդենի և Թրամփի՝ վճռական և շուտափույթ հաղթանակի վերաբերյալ հույսերը արագ մարել են»։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հնարվոր ելքին անդրադարձլ է նաև ֆրանսիական Figaro թերթը։
«Ինչու են հասարակական հարցումները նվազեցրել Թրամփի օգտին ձայների թիվը»,- վերնագրված է թերթի հոդվածքներից մեկը, որտեղ նշվում է, որ հասարակության շրջանում հարցումների մեծ մասը վկայում էր, որ Բայդենը վստահ հաղթանակ կտանի, մինչդեռ այդպես չեղավ։
Միևնույն ժամանակ Independent-ի նյութի հեղինակը հարց է բարձրացրել, թե «արդյոք ընտրիչների կոլեգիան կրկին չի գողանում ժողովրդավարությունը», քանի որ չնայած այն փաստին, որ Բայդենը «հաղթում է ընտրիչների ձայներով, հաղթանակի հասնելու նրա ուղին չափազանց անհուսալի է թվում»։
Իսպանական EL Mundo թերթն, իր հերթին, նշել է, որ ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը չարժե սպասել մոտ ժամանակներս: Պարբերականը հրապարակել է 2000 թվականի ընտրությունների մասին նյութ, երբ նախագահական ընտրություններին մասնակցում էին դեմոկրատ Ալբերտ Առնոլդ (Էլ) Գոռ կրտսերը և հանրապետական Ջորջ Բուշ կրտսերը, իսկ «ձայների հաշվարկի շուրջ ճակատամարտը երկիրը 35 օրով թողեց առանց նախագահի»։
Ինչ է տեղի ունենալու հաջորդիվ
Համաշխարհային ԶԼՄ-ները նույնպես չեն կարողացել զերծ մնալ կանխատեսումներից և ենթադրություններից այն մասին, թե ինչ կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո։ Արդյո՞ք կհետևեն անկարգությունները, կվիճարկվեն արդյո՞ք քվեարկության արդյունքները դատարանում, արդյո՞ք այդ ամենը կհանգեցնի ամերիկյան հասարակության պառակտմանը։
«ԱՄՆ-ի ընտրությունները. լարվածություն, հաշվարկներ, պոկեր բլեֆ. ժողովրդավարությունը վտանգված է», -իր նյութը է վերնագրել է ֆրանսիական Parisien թերթը՝ նշելով, որ ԱՄՆ-ում ընտրատեղամասերի փակվելուց հետո Բայդենի և Թրամփի միջև «հյուծման պատերազմ է սկսվել»։
Չափազանց հոռետեսական գնահատականներ կարելի է տեսնել բրիտանական մամուլում։
«ԱՄՆ-ում ընտրությունների վատագույն հնարավոր ելքը կարող է շատ շուտով նմանվել քաղաքացիական պատերազմի», - նշում է Daily Telegraph-ի հեղինակը:
Միևնույն ժամանակ բրիտանական թերթերի վերլուծաբանները գրում են, որ անկախ վերջնական արդյունքներից՝ ներկայիս ընտրությունները ցույց են տալիս, որ «Թրամփը սովորական ամերիկացիների բարոյական հաղթանակ է տարել լիբերալ էլիտայի դեմ» և Սպիտակ տան ներկայիս ղեկավարը «սպիտակ նացիոնալիստ չէ»: Daily Telegraph-ի հեղինակի խոսքով ՝ Թրամփի օգտին քվեարկել են շատ սևամորթներ և լատինամերկացիներ։
Իր հերթին գերմանական Bild-ը և ավստրիական Kurier-ը ԱՄՆ Գերագույն դատարան դիմելու մասին Թրամփի հայտարարության ֆոնին փորձել են հասկանալ, թե ինչ կլինի, եթե գործն իսկապես հասնի դատարան՝ ընթերցողներին հիշեցնելով, որ ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ Սենատը Էմի Քոնի Բարեթին հաստատել է Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում, ինչը շատերը համարում են Թրամփի քաղաքական հաղթանակը։
Ապագա համագործակցության մասին
Հնդկաստանի և Չինաստանի ԶԼՄ-ները, իրենց հերթին, անդրադարձել են այն թեմային, թե ընտրությունների արդյունքներն ինչպես կազդեն այդ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վրա: Հնդկական Times of India թերթը «Ով էլ հաղթի, Հնդկաստանը կկարողանա ընկեր գտնել» վերտառությամբ հոդվածում գրում է, որ եթե Թրամփը մնա Սպիտակ տանը, երկիրը կշարունակի համագործակցել նախագահի «շատ լավ ծանոթ» վարչակազմի հետ: Պարբերականը նաև հույս ունի, որ Բայդենի հաղթանակի դեպքում պետությունները նույնպես կարող են լավ հարաբերություններ հաստատել, քանի որ «հնդկական ծագում ունեցող ամերիկացիների մեծամասնությունը քվեարկում է դեմոկրատների օգտին»:
Չինական South China Morning Post թերթի վերլուծաբանները նշում են, որ թեև «Չինաստանը հետևում և սպասում է նախագահական ընտրությունների արդյունքին, պարզ չէ՝ արդյոք դա ինչ-որ նշանակություն կունենա»:










