ԱՄՆ-ում Թրամփի աջակիցները հավաքվել են Արիզոնայի ընտրական կենտրոնի մոտ․ նրանցից ոմանք զինված են․ լրատվամիջոցներ (լուսանկարներ)
ԱՄՆԱրիզոնա նահանգի Մարիկոպա շրջանի Ֆենիքս քաղաքի ընտրական տեղամասի մոտ, որտեղ դեռևս անցկացվում է ձայների հաշվարկը, մի քանի տասնյակ ցուցարարներ են հավաքվել։ CNN հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ցուցարարները ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցներն են։
Նշվում է, որ կենտրոնի մոտ հավաքված Թրամփի աջակիցները կարմիր գլխարկներով և «ոչ մի խարդախություն ձայների հաշվարկում» պաստառներով են: Տարածքում կան նաև իրավապահ մարմինների աշխատակիցները։
Business Insider պորտալի տվյալներով ՝ կենտրոնի շենքի մոտ հավաքվել է շուրջ 200 մարդ։ Մի քանի մարդ ներս է մտել, սակայն ձայների հաշվարկի վերաբերյալ մի քանի հարցերից հետո լքել է շենքը։
Ինչպես հաղորդում է ABC հեռուստաընկերությունը, որոշ ցուցարարներ զինված են: Անվտանգության նկատառումներով շենքի ներսում է գտնվում պաշտպանիչ սաղավարտներով և զրահաբաճկոններով հանդերձված ոստիկանների ջոկատը։
Fox News հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ նահանգի խոշորագույն ընտրատարածքներից մեկում՝ Մարիկոպա շրջանում, առայժմ առաջատար է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը՝ Թրամփից առաջ անցնելով շուրջ 85 հազար ձայներով, ընդհանուր առմամբ նահանգի քվեաթերթիկների 86 տոկոսի հաշվարկից հետո նա ստացել է 108 հազար ձայն:
Արիզոնայում հաղթողը կստանա ընտրիչների 11 ձայն, ինչը կարող է առանցքային առավելություն տալ նախագահական մրցապայքարում:
ԱՄՆ-ում ընտրական հանձնաժողովները նախագահական ընտրությունների ավարտից հետո շարունակում են ձայների հաշվարկը: Արդյունքը դեռ հայտնի չէ, նախնական տվյալների համաձայն՝ առաջատարը դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենն է:
Երկու քաղաքական գործիչների շտաբերն էլ արդեն հասցրել են հայտարարել իրենց հաղթանակի մասին, բայց դեռևս վաղ է:Այժմ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որն առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, ունի 214 ձայն, Բայդենը ՝ 264: Մնացել է բաշխել միայն 60 ընտրիչի ձայները:
Այս տարի համաճարակի պատճառով մեծ թվով մարդի քվեարկել են փոստով, ինչի հետևանքով հաշվարկը կարող է ձգձգվել:













