Օրվա ընթացքում տարբեր ուղղություններով թշնամին հրետանու աջակցությամբ փոքրաքանակ զրահատեխնիկայով փորձել է առաջանալ, բայց ձախողվել է՝ կրելով կորուստներ․ Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)
Երեկ ամբողջ գիշեր մարտերը շարունակվել են, չնայած ակտիվությունը որոշակի նվազել է։ Այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Առավոտյան մարտերը եղել են հրետանու ավելի թեժ կիրառությամբ։ Օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր Շուկայի հատվածում, հարավային ուղղության տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, բայց հետ են շպրտվել՝ կրելով կորուստներ»,- հայտնեց նա։
Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ «Վերջիններս հանդիպելով մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը՝ հանգույցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում։ Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել»։ Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ այսօր որոշ դիվերսանտներ և վարձկաններ նույնիսկ փորձել են Քարինտակի ուղղությամբ ժայռեր մագլցել և ոչնչացվել են՝ ժայռերի տակ մնալով։
ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ դիվերսանտները, վարձկանները ձգտում են նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, ձևական հաղթական ցուցադրություն կազմակերպել՝ Շուշիում որևէ տեղ դրոշով նկարվելով։ «Որոշ տեղերում ցանկանում են ներկայացնել Ադրբեջանի դրոշը և ադրբեջանական բանակի և վարձկանների ոգին բարձրացնել, որոնք վերջին օրերին որևէ կերպ որևէ ուղղությամբ չեն կարողանում առաջանալ, նրանք դատապարտված են։ Ադրբեջանի նախագահն ասում է, որ այդ զորքերը հարձակվում են դեպի Շուշի, բայց հարց է՝ ինչպես է լինում, որ մենք պետք է հատ-հատ հայտնաբերենք և ոչնչացնենք։ Ցանկացած տեսակի պատերազմի ժամանակ հարձակվողներին չեն փնտրում, հարձակվողները գալիս են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։










