«Խստորեն դատապարտում ենք բռնությունը». ամերիկյան Garmin ընկերությունը խոստացել է քայլեր ձեռնարկել՝ թույլ չտալու իր արտադրանքի կիրառումը թուրքական անօդաչուներում՝ ռազմական նպատակով
GPS-նավիգացիոն տեխնիկա արտադրող ամերիկյան Garmin ընկերությունից հայտնել են, որ «իրենց արտադրանքներից մեկն օգտագործվել է թուրքական «Բայրաքթար» անօդաչուներում, որոնք օգտագործվում են Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում անմեղ քաղաքացիներին սպանելու համար»: Ինչպես հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, այս մասին ասվում է իրենց ուղարկված հայտարարության մեջ:
«Մենք խստորեն դատապարտում ենք այս բռնությունը և ցավակցում ենք սպանված մարդկանց հարազատներին: Garmin-ի արտադրանքը, որն օգտագործվել է այդ անօդաչուներում, կոմերցիոն և ոչ ռազմական նշանակության արտադրանք է, որը լայնորեն հասանելի է շուկաներում: Այն նախատեսված չէ ռազմական օգտագործման համար և անգամ նախագծված չէ անօդաչուներում կիրառելու համար: Մենք հետաքննում ենք, թե ինչպես են մեր արտադրանքները հայտնվել այդ անօդաչուներում, և համապատասխան քայլեր կձեռնարկենք հետաքննության ավարտին՝ թույլ չտալու համար, որ մեր արտադրանքը կրկին օգտագործվի նման նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով
Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 50 քաղաքացիական անձ, վիրավորվել է 148 քաղաքացիական անձ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։










