Վրացական ընդդիմության ներկայացուցիչները կարտոֆիլներ են նետել շրջանային ընտրական հանձնաժողովների շենքերի ուղղությամբ. կան ձերբակալվածներ

15:56 • 05.11.20

Թբիլիսիում նոյեմբերի 4-ի երեկոյան ցույցեր են անցկացվել մի քանի շրջանային ընտրական հանձնաժողովների շենքերի մոտ: Ըստ ընդդիմադիր «Գլխավոր ալիք» հեռուստաընկերության տվյալների՝ Թբիլիսիի Իսանի շրջանում տեղի ունեցած ցույցի ժամանակ մոտ տասը մարդ է բերման ենթարկվել, գրում է eadaily.com կայքը:

«Իսանիի թիվ 5 շրջանային հանձնաժողովում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ հանձնաժողովն առանց քննարկման է թողել ընդդիմադիր կուսակցությունների բոլոր բողոքները: Միևնույն ժամանակ, ցուցարարներից ոչ ոքի, այդ թվում ՝ Վրաստանի խորհրդարանի ներկայիս պատգամավորներին, ինչպես նաև Իսանի շրջանում առաջադրված տարբեր կուսակցությունների մեծամասնական թեկնածուներին իրավունք չի տրվել մասնակցել հանդիպմանը: Հանձնաժողովում ընդդիմության ներկայացուցիչը հեռացվել է նիստից», - տեղեկացնում է հեռուստաալիքը:

Բողոքի ակցիայի մասնակիցները չեն հրաժարվել շենք մտնելու իրենց փորձերից: Նրանք վանկարկել են «ստրուկներ», աղմկել և կարտոֆիլներ են նետել շենքի ուղղությամբ, ինչը  ընդդիմության կարծիքով՝ Վրաստանում անազնիվ ընտրությունների և ընտրողներին կաշառելու գլխավոր խորհրդանիշն է դարձել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության լրացուցիչ ուժեր, որից հետո բախումներ, ապա ձերբակալություններ են սկսվել:

Բերման է ենթարկվել նաև պատգամավորության մեծամասնական թեկնածու Գեորգի Կապանաձեն:

Նմանատիպ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Թբիլիսիի Սաբուրթալո թաղամասին շրջանային ընտրական հանձնաժողովի, ինչպես նաև Բաթումիի շրջանային ընտրական հանձնաժողովի շենքերի դիմաց:

Բողոքի ակցիաները Վրաստանում սկսվել են ԿԸՀ-ի կողմից հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո: Ընդդիմությունը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են ի օգուտ իշխող «Վրացական երազանք» կուսակցության: Մանդատ ստացած բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում և պահանջում են արտահերթ ընտրություններ: Ընդդիմությունը համապատասխան հուշագիր է ստորագրել նախօրեին: Նոյեմբերի 3-ին և 4-ին Վրաստանի ԿԸՀ-ի և մի շարք շրջանային ընտրական հանձնաժողովների առջև (Թբիլիսի ի Սաբուրթալո, Գլդանի, Իսանի, Սամգորի թաղամասերում,  ինչպես նաև  Ծղալտուբո և Բաթումի քաղաքներում) ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացրել: