Մակրոնը հայտնել է ահաբեկչական սպառնալիքների ֆոնին Շենգենյան գոտում սահմանային վերահսկողության խստացման մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է ահաբեկչական աճող սպառնալիքների ֆոնին Շենգենյան գոտում սահմանային վերահսկողության խստացման մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Որոշել ենք այս վերահսկողության շրջանակներում երկու անգամ ավելացնել սահմաններին տեղակայված ուժերի քանակը․ ոստիկանների, ժանդարմների, զինվորականների թիվը 2400-ից հասցնելու ենք 4800-ի»,- հայտարարել է այսօր Իսպանիայի հետ սահման ժամանած ֆրանսիացի ղեկավարը։
Շենգենյան գոտին ներառում է 26 երկիր, որոնք չեղարկել են ներքին սահմանային վերահսկողությունը․ այն ներառում է 4․3 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք՝ ավելի քան 400 միլիոն բնակչությամբ։
Հիշեցնենք, որ վերջերս Եվրոպայում իրար են հաջորդում ահաբեկչական գործողությունները, որոնց հետևաքով մարդիկ են զոհվում։ Հակաֆրանսիական մի շարք դեպքեր տեղի են ունեցել հոկտեմբերի 29-ին, երբ Նիսի Նոտր-Դամ եկեղեցում ահաբեկիչը հարձակվել է մարդկանց վրա, որի հետևանքով երեք անձ սպանվել է։ Ահաբեկչական գործողության մեկ այլ փորձ էլ ավելի ուշ իրականացվել է Ավինյոն շրջանում, սակայն ոստիկանությունը կարողացել է ժամանակին վնասազերծել չարագործին։
Փարիզի և իսլամական աշխարհի հարաբերությունների ճգնաժամային այս փուլը սկսվել է երեք շաբաթ առաջ, երբ մուսուլման աշակերտը ուսուցչին գլխատել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները ցուցադրելու համար։ Այս դեպքից հետո Մակրոնը հայտարարել էր Ֆրանսիայում ծայրահեղականության դեմ պայքարի մասին և ընդծել, որ երկիրը չի հրաժարվելու ծաղրանկարներ տպագրելուց, ինչն էլ առաջացրել էր Թուրքիայի և մի շարք մուսուլման տերությունների վրդովմունքը։










