Ինչպես են դուրս մղում ադրբեջանական դիվերսիոն խմբերին Շուշիի մոտակայքում․ WarGonzo-ն տեսանյութ է հրապարակել

21:54 • 05.11.20

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, որն Արցախի դեմ հարձակումների առաջին իսկ օրերից լուսաբանում է պատերազմական իրավիճակը տեղից, նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես են Արցախի պաշտպանության բանակի զինվորները հետ մղում Շուշիին մոտեցող դիվերսիոն խմբերին:

Տեսանյութում լսվում են մոտակայքում հնչող կրակոցները: Ինչպես ռուս զինթղթակիցը նշում է, դիվերսիոն խմբավորման տեղաշարժին հետևում են օդից՝ ԱԹՍ-ների միջոցով, ինչպես նաև զինվորները հսկում են ճանապարհը:

Պեգովը մարտի դաշտում հենց ռազմական գործողությունների ժամանակ հանդիպել և զրուցել է հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի, ինչպես նաև մյուս զինծառայողների հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։