Եռանախագահները չունեն մանդատ, որ պարտադրեն, նրանց մանդատը միջնորդ լինելն է. Շավարշ Քոչարյան
Որևէ իրավական կազմակերպություն, բացառությամբ ՄԱԿ-ի, ուղղակի միջամտելու լիազորություն չունի, միայն ՄԱԿ-ն է և դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում, իսկ դա ստանալը բարդ գործընթաց է: Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նա նկատեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ–պետությունների առաջին դեմքերը՝ Պուտինը, Թրամփը, Մակրոնը Արցախում պատերազմական գործողությունների վերաբերյալ կոչեր են արել, սակայն արդյունք չկա, և այստեղից մեր հետևությունները պետք է անենք: Փոխնախարարը, թեև կարևորեց միջազգային կառույցների ներկայացուցիչների արձագանքը, բայց նշեց, որ խնդիրը լուծվում է ռազմի դաշտում:
«90-ականներին մենք ունեցել ենք շատ ավելի ծանր իրավիճակ ռազմական դաշտում, բայց արդյունքը տեսանք շնորհիվ նրա, որ մեզ մոտ եղել է այդ համախմբվածությունը, նպատակային առաջ գնալը, խուճապային խոսակցություններ, տրամադրություններ չեն եղել, ինչը բնորոշ էր Ադրբեջանին: Այն պահից, երբ որևէ պետությունում իշխեց խուճապային տրամադրությունները, ներքին խժդժություններ սկսվեցին այդ պետությունը միանշանակ շատ արագ պարտվելու է։ Այն, ինչ տեսանք 90-ականներին Ադրբեջանում, և կարծում եմ, եթե լինենք վճռական, հետևողական, դա Ադրբեջանում չի բացառվում հիմա»,- ասաց նա:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն չեն տվել մանդատ եռանախագահներին, որպեսզի պարտադրեն: «Իրենց մանդատը միջնորդ լինելն է, դա նշանակում է, որ իրենք պետք է ջանքեր գործադրեն, առաջարկեն փոխզիջումային մոտեցումներ և նպաստեն, որ կողմերը գան համաձայնության, սրան ավելանում է թույլ չտալ, որ սկսեն ռազմական գործողությունները՝ բայց կրկին չունենալով մանդատ, որ պարտադրեն, այ այստեղ խնդիր կա»,- ասաց նա:
Անդրադառնալով Վրաստանի և Իրանի հետ հարաբերություններին՝ փոխնախարարն ասաց, որ մեր երկու հարևանի հետ պատերազմի ժամանակահատվածում հարաբերությունները առնվազն չեն նահանջել, եթե ոչ հակառակը: «Մյուս կողմից մենք լավ հասկանում ենք, որ նմանատիպ իրավիճակը սրում է այն խնդիրները, որոնք ունեն մեր հարևաններին»,- ասաց նա:










