Twitter-ը ԱՄՆ 4 կարևոր նահանգներում հաղթելու մասին նախագահ Թրամփի գրառումը նշել է որպես կասկածելի հաղորդագրություն, որը կարող է մոլորության մեջ գցել

03:41 • 05.11.20

Twitter սոցիալական ցանցը ԱՄՆ 4 կարևոր նահանգներում՝ Փենսիլվանիայում, Ջորջիայում, Հյուսիսային Կառոլինայում և Միչիգանում հաղթելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը նշել է որպես կասկածելի հաղորդագրություն: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ հաղթել է Միչիգան նահանգում: Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է թվիթերյան իր էջում: 

«Մենք հայտարարել ենք, որ ընտրողների ձայների ստացման տեսանկյունից մեզ հաղթող ենք համարում Փենսիլվանիա, … Ջորջիա և Հյուսիսային Կառոլինա նահանգներում, որոնցից յուրաքանչյուրում Թրամփի օգտին քվեները զգալի շատ են: Ի հավելումն սրան՝ մենք նաև հայտարարում ենք, որ մեզ հաղթող ենք համարում նաև Միչիգան նահանգում, եթե այնտեղ իրոք, ինչպես հաղորդվում է, շատ են եղել գաղտնի նետված քվեաթերթիկները»,- գրել է հանրապետական նախագահը:

Սոցիալական ցանցը հաղորդագրության մի հատվածը թաքցրել է՝ այն նշելով նախազգուշացմամբ, որ թվիթի պարունակությունը կարող է մոլորության մեջ գցել: