ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների և ընթացքի վրա արտաքին միջամտության վերաբերյալ ապացույցներ չեն հայտնաբերվել. Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների գործակալություն

04:07 • 05.11.20

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը կից Կիբերանվտանգության և ենթակառուցվածքների գործակալությունը երկրի նախագահական ընտրությունների արդյունքները փոխելու կամ քվեարկության ընթացքին միջամտելու արտաքին ազդեցության վերաբերյալ ապացույցներ չի գտել: Այս մասին հայտնել է գործակալության տնօրեն Քրիստոֆեր Քրեբսը:

«Կարևոր է, որ միլիոնավոր ամերիկացիների քվեարկությունից հետո մենք ապացույցներ չունենք այն մասին, որ որևէ օտարերկրյա հակառակորդ կարող էր խանգարել ամերիկացիներին իրենց ձայնը տալ, կամ փոխել քվեարկության արդյունքները»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Քրեբսը:

Վերջինս իր հայտարարությունում նշել է, որ գործակալությունը շարունակելու է ուշադիր հետևել ներկայիս ձայների և արդյունքների վրա ազդելու օտարերկրյա խաղացողների ցանկացած փորձի: