ԱՄՆ-ում զինված դաշնային գործակալները ընտրատեղամասեր մուտք գործելու և հնարավոր իրավախախտումները հետաքննելու թույլտվություն են ստացել․ The Hill
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատախազության աշխատակիցներին տեղեկացրել է, որ զինված դաշնային գործակալները նոյեմբերի 3-ին կայացած համընդհանուր ընտրությունների ժամանակ հնարավոր իրավախախտումների հետաքննության համար կարող են քվեաթերթիկների հաշվիչ կենտրոններ մուտք գործել, հայտնում է The Hill թերթը՝ հղում տալով իր աղբյուրներին։
«Օրենքը չի արգելում զինված դաշնային իրավապահ մարմինների պաշտոնյաներին փակ տեղամասերում կամ քվեաթերթիկների հաշվարկման այլ վայրերում պատասխանել, հետաքննել կամ կանխել դաշնային քրեական հանցագործությունները»,- թերթը մեջբերում է Արդարադատության նախարարության ներկայացուցչի էլեկտրոնային նամակի հաղորդագրությունը։
The Hill-ի զրուցակիցները, որոնք նախկինում ծառայել են դաշնային գերատեսչություններում, ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Արդարադատության նախարարությունը նման հայտարարությամբ է հանդես եկել Դոնալդ Թրամփի՝ որոշ նահանգներում քվեարկության արդյունքները դատարանում վիճարկելու մասին հայտարարությունից հետո։
Իսկ ահա երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում քաղաքացիական իրավունքների վարչության նախկին պետ Վանիտա Գուպտայի կարծիքով՝ Արդարադատության նախարարությունն իրավունք չունի «միջամտել քվեների հաշվարկման գործընթացին, մուտք գործել ընտրատեղամասեր կամ վերցնել քվեաթերթիկները՝ նույնիսկ հետաքննության համար»:
Նրա կարծիքով՝ վերջիններս կարող են միայն քվեաթերթիկների պատճեններն ունենալ, իսկ իրականները պետք է մնան տեղական ընտրական հանձնաժողովների աշխատակիցների տրամադրության տակ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:
Լույս չորեքշաբթի Թրամփն արդեն հայտարարել էր իր հաղթանակի մասին՝ մեղադրելով դեմոկրատներին «իր հաղթանակը գողանալու» փորձեր համար։ Ընդ որում՝ այս պահին նախնական տվյալներով՝ առաջատարը Ջո Բայդենն է, որին վերջնական հաղթանակի համար անհրաժեշտ է ընդամենը վեց ընտրիչի ձայն։










