Թրամփի նախընտրական շտաբը Նևադայում ընտրախախտումների վերաբերյալ մեղադրանքով դիմել է ԱՄՆ գլխավոր դատախազին

23:46 • 06.11.20

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը և ԱՄՆ Նևադա նահանգում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին նահանգում ընտրությունների ընթացքում խախտումների վերաբերյալ բողոք են ուղարկել, հաղորդում է The Hill-ը։

Պարբերականի տվյալներով՝ բողոքի մեջ նշվում է, որ Նևադայում անօրինական փոստով քվեարկել է 3026 մարդ, որոնք ավելի վաղ լքել են նահանգը:

Ինչպես նշում է Wall Strees Journal-ը, Արդարադատության նախարարության աշխատակիցները չեն կարող ընտրությունների հետ կապված խախտումների դեպքերի հետաքննություն սկսել , քանի դեռ ձայների հաշվարկը չի ավարտվել: Հակառակ դեպքում, կարող է տպավորություն ստեղծվել, որ Արդարադատության նախարարությունը փորձում է ազդել դրանց արդյունքի վրա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են նախագահի ընտրություններ, որոնցում երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի մրցակիցը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենն է:

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 264, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 214 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն։

Քվեարկության արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն ավելի վաղ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հանդես գալ հայտարարությամբ և հայտարարել ընտրություններում հաղթանակի մասին: Բացի այդ, գործող նախագահն ասել էր, որ ինքն արդեն հաղթել է: Թրամփը նաև նշել էր, որ դեմոկրատները փորձում են «գողանալ իր հաղթանակը»։