Աշխարհը հասկանում է, որ մեր դեմ պատերազմում են ահաբեկիչներ, բայց բացի ՌԴ-ից որևէ պետություն հստակ, պարզ չի մատնանշում դա. Արման Աբովյան (տեսանյութ)

17:36 • 06.11.20

Աշխարհը հասկանում է, որ մեր դեմ պատերազմում են ահաբեկիչներ, բայց բացի ՌԴ-ից որևէ պետություն այդպիսի հստակ, պարզ չի մատնանշում դա: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Միջազգային հանրության մոտ կա արդեն հստակ ձևավորված տեսակետ, որ հայկական կողմ հակաահաբեկչական գործողություններ է իրականացնում: Այդ թեզը հնչեցնում է Ռուսաստանը. պատերազմի առաջին օրերին ՌԴ ԱԳՆ էր հայտարարություններ տարածել՝ հստակ նշելով, որ կան ահաբեկիչներ, հետո ԱԳՆ ղեկավար Լավրովի մակարդակով դա վերահաստատվեց, ինչպես նաև ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետի Նարիշկինի կողմից»,- նշեց պատգամավորը:

Ֆրանսիան և ԱՄՆ-ն ևս խոսել են Հարավային Կովկասում ահաբեկիչների առկայության մասին, բայց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, ըստ Արման Աբովյանի՝ նրանք ավելի հստակ պետք է արտահայտվեին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Պուտինին՝ սկսել անհապաղ խորհրդակցություններ Հայաստանին աջակցելու նպատակով: Վարչապետի նամակի վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը. «Ռուսաստանը, դաշնակցային պայմանավորվածությունների համաձայն, անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»։

Նամակից հետո ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ հարվածներ էին եղել թշնամու կողմից, այնտեղ խաղաղ բնակիչ էր զոհվել: Հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ-ն հապաղում, Արման Աբովյանը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ աջակցության հարցում ՌԴ-ն հապաղում է: Դիվանագիտությունը լուռ արվեստ է, եկեք եզրակացություններ հիմա չանենք: Ես գրեթե համոզված եմ, որ այդ ուղղությամբ ՌԴ-ն իր գործողությունների մեջ չի հապաղել: Եկեք այսօր չդիտենք իրավիճակը միայն վերևից, այն, ինչը տեսանելի է: Վստահ եմ, որ շատ խորքային պրոցեսներ են գնում և քանի որ պատերազմական իրավիճակում ենք, պետք չէ խոսել դրանց մասին»:

ԲՀԿ խմբակցության քարտուղարը  վստահ է՝ սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմը հրահրել է Թուրքիան: Նրա խոսքով՝ Թուրքիան ունի խնդիր՝ ամրապնդվել տարածաշրջանում: «Մենք պետք է հստակ հասկանանք, որ պատերազմը սկսել է Թուրքիան: Ադրբեջանն այսօր փաստացի Թուրքիայի ենթակայության տակ տարածք է: Նույնիսկ այսպիսի արտահայտություն կա՝ Թուրքիան պատրաստ է մեզ հետ պատերազմել մինչև վերջին ադրբեջանական զինվոր: Շատ սխալ է Ադրբեջանին դիտարկել որպես առանձին խաղացող»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: